Մենք ողջունում և աջակցում ենք Հայաստանի և Կոլումբիայի կառավարությունների, ինչպես նաև ևս 14 երկրների նախաձեռնությանը, որոնք այսօր մեկնարկում են «Անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման գործողությունների կոալիցիան» (Coalition of Action to Recover Endangered Species — CARES)։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում անցկացվող «Կենսաբազմազանության առաջնորդներ» գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Bezos Earth Fund հիմնադրամի «Լուծումներ բնության համար» ուղղության ղեկավար, Վայրի բնության պահպանության ընկերության նախկին գլխավոր տնօրեն Քրիստիան Սամպերը։
«Նրանց գործունեությունը կընթանա ավելի քան 10 000 փորձագետների և հարյուրավոր բնապահպանական կազմակերպությունների միավորող ցանցի աջակցությամբ։ Կառավարությունները բարձրացնում են իրենց հավակնությունների մակարդակը, և նույնը մենք ակնկալում ենք նաև դոնորներից։ Ուրախ եմ հայտարարել «Տեսակների վերականգնման դոնորների դաշինքի» (Species Recovery Donor Alliance) ստեղծման մասին, որը ձևավորվել է ևս ութ մասնավոր դոնորների հետ համատեղ։
Այսօր մենք պարտավորություն ենք ստանձնում մինչև 2030 թվականը լրացուցիչ ներդնել 500 միլիոն դոլար՝ ավելի քան 100 երկրներում տեսակների վերականգնմանն աջակցելու համար։
Այստեղ՝ COP17-ում, մենք ունենք հնարավորություն և պարտավորություն կյանքի կոչելու կենսաբազմազանության ոլորտում Գլոբալ շրջանակային ծրագրի հավակնոտ նպատակները», — նշել է Սամպերը։





























