Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք ուկրաինական բանակը հարվածներ է հասցնում Ռուսաստանի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարաններին։

Նա հայտարարել է, որ սովորաբար չի բացահայտում Ուկրաինայի ռազմական գործողությունների մանրամասները, սակայն ընդգծել է, որ դրանց գլխավոր սկզբունքը հակառակորդի գործողություններին պատասխանելն է, գրում է Guardian-ը։

Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Եվրոպան «որոշակի քայլեր է ձեռնարկում»՝ խաղաղ բանակցություններում մասնակցության սեփական ձևաչափը կառուցելու համար։ Ընդ որում, նա լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։

Ուկրաինան միջազգային գործընկերներից լրացուցիչ օգնություն է խնդրում ձմռանն ընդառաջ, ընդ որում պահանջվող ծավալները, ըստ Զելենսկու, կազմում են միայն «ամենաանհրաժեշտ նվազագույնը»։

Ըստ նրա՝ առայժմ պարզ չէ, թե Կիևը կոնկրետ ինչ աջակցություն կկարողանա ստանալ։ Ընդսմին, նախագահը վստահություն է հայտնել, որ եվրոպական երկրներն բավարար քանակությամբ հակահրթիռային հրթիռներ ունեն, որոնա կարող են փոխանցել Ուկրաինային, որպեսզի օգնեն նրան «հաղթահարել այս ձմեռը»։