Համաշխարհային էներգետիկ անցումը պահանջում է նոր մետաղներ և արդեն հայտնի ռեսուրսների ավելի լայն օգտագործում։ Այդ ֆոնին բնական ռեսուրսներով հարուստ երկրները պետք է զարգացման հնարավորություններ ստանան առաջիկա 50–100 տարիներին։ Հայաստանի համար առանցքային խնդիր է դառնում հանքարդյունաբերության զարգացման հաջորդ փուլին անցումը, որը հաշվի կառնի սոցիալական սպասումները, տեղական համայնքների դիրքորոշումը և կառավարության խնդիրները։
Դրա մասին հայտարարել է հանքարդյունաբերության ոլորտի միջազգային փորձագետ, Mining Armenia Forum 2026-ի հիմնական բանախոս և գործադիր խորհրդատու Մարկ Կուտիֆանին։
Նրա բնորոշմամբ՝ աշխարհն անցնում է բազմաթիվ փոփոխությունների միջով, իսկ էներգետիկ անցումը նոր մետաղներ և արդեն հայտնի ռեսուրսների ավելի լայնածավալ կիրառություն է պահանջում։ Գիտական նվաճումները և արհեստական բանականությունը բացում են նոր տեխնոլոգիական հնարավորություններ և թույլ են տալիս մետաղների օգտագործման նոր եղանակներ գտնել։ Մարդկությունը շարունակում է զարգանալ, և հազարամյակների ընթացքում տարբեր մետաղների և օգտակար հանածոների դերը մշտապես փոխվել է։ Ըստ Կուտիֆանիի՝ ֆորումի մասնակիցները հավաքվել են Հայաստանում, հասկանալու համար՝ ինչպես կարող է երկիրը օգուտ քաղել այս փոփոխություններից և մասնակցել դրանց։ Նրա կարծիքով՝ բնական ռեսուրսներով հարուստ երկրներն առաջիկա 50–100 տարիներին կզարգանան և կբարգավաճեն։
Խոսելով Հայաստանի մասին՝ Կուտիֆանին նշել է, որ երկրի հանքարդյունաբերության ոլորտում արդեն լավ աշխատանք է կատարվել, սակայն այժմ ժամանակն է անցնելու հաջորդ փուլին։ Նրա գնահատմամբ՝ ոլորտի օրակարգը դարձել է ավելի հասուն և ավելի մեծ չափով հաշվի է առնում սոցիալական սպասումները։ Նա այդ հանգամանքը դրական ազդակ է անվանել։ Կուտիֆանին ընդգծել է, որ հետագա զարգացումը կախված կլինի ոլորտի ներկայացուցիչների՝ տեղական արդյունաբերական համայնքի ասածը լսելու կարողությունից, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ավելի լայն համատեքստը հաշվի առնելուց։
Կարևոր պայման նա անվանել է կառավարության հետ փոխգործակցությունը՝ քաղաքական և կարգավորող շրջանակները սահմանելու համար, որոնք կնպաստեն ոլորտի զարգացմանը և հաշվի կառնեն տեղական բնակչության շահերը։ Ըստ Կուտիֆանիի՝ անհրաժեշտ է, մի կողմից, հասկանալ կառավարության օրակարգը և աջակցություն ցուցաբերել նրան, իսկ մյուս կողմից՝ ապահովել տեղական համայնքների և տարբեր սոցիալական խմբերի դիրքորոշումը լսելի դարձնելու հնարավորությունը։ Եթե ոլորտը կարողանա միավորել այս մոտեցումները, նրա կարծիքով, դա հնարավորություն կտա դրական երկխոսություն ձևավորել բոլոր շահագրգիռ կողմերի միջև։
Պատմելով իր ելույթի նախապատրաստման մասին՝ Կուտիֆանին առանձնացրել է երեք հիմնական ուղղություն։ Առաջինը վերաբերում է հասարակության կյանքում հանքարդյունաբերության դերին։ Միևնույն ժամանակ նա մտադիր էր այս թեման դիտարկել փոքր-նչ այլ կերպ, քան դա արվել էր նախկինում։
Երկրորդ ուղղությունը նվիրված է նրան, թե ինչպես է հանքարդյունաբերությունն իրականում նպաստում բնությանը հասցվող վնասի նվազեցմանը։ Ըստ Կուտիֆանիի՝ նման գործընթացներ կարելի է դիտարկել ամբողջ աշխարհում։ Նա ընդգծել է, որ այս թեզը լրացուցիչ բացատրությունների կարիք ունի։ Առանց հանքարդյունաբերության արտադրանքի մարդկությունը կկարողանար կերակրել Երկրի բնակչության միայն 50%-ին։
Կուտիֆանին պարզաբանել է, որ պարարտանյութերը և գյուղատնտեսության մեքենայացումը հնարավորություն են տալիս բարձրացնել գյուղատնտեսական արտադրության և սննդամթերքի արտադրության որակը։ Դրա շնորհիվ հնարավոր է կրճատել գյուղատնտեսության համար օգտագործվող հողատարածքները և ավելի շատ տարածքներ ազատել բնության համար՝ այդպիսով ապահովելով կենսաբազմազանության պահպանումը։ Ըստ նրա՝ այս փոխկապակցվածությունը անհրաժեշտ է ավելի համոզիչ բացատրել և պատշաճ կերպով հասցնել հասարակությանը։
Կուտիֆանիի ելույթի երրորդ ուղղությունը վերաբերում է տեղական համայնքներին։ Նա ընդգծել է, որ հենց այն տարածքների բնակիչները, որտեղ իրականացվում է հանքարդյունաբերական գործունեություն, անմիջականորեն զգում են դրա հետևանքներն ու տեղի ունեցող փոփոխությունները։ Ուստի, նրա կարծիքով, ոլորտի կարևորագույն հարցերից մեկն այն է, թե ինչպես օգնել կառավարությանը, արդյունաբերությանը և տեղական համայնքներին համատեղ երկխոսություն կառուցել՝ եռակողմ փոխգործակցություն, որտեղ ներկայացված կլինեն բոլոր կողմերը։ Կուտիֆանին նման փոխգործակցության անհրաժեշտությունը նշել է որպես իր ելույթի կենտրոնական թեմաներից մեկը։
Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Lydian Armenia ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։











