Մոսկվայի ավիահանգույցում գործող ժամանակավոր սահմանափակումների պատճառով առաջացած զանգվածային հետաձգումների ու չեղարկումների պատճառով Մոսկվա-Երևան չվերթի ուղևորները չեն կարողանում մեկնել «Շերեմետևո» օդանավակայանից։
«Осторожно, новости» տելեգրամյան ալիքի տվյալներով՝ միջազգային չվերթերի որոշ ուղևորներ իրենց թռիչքին սպասում են արդեն ավելի քան 13 ժամ։
Երևանից բացի, հետաձգվել են նաև դեպի Բիշքեկ, Աստանա, Դուբայ և Սամարղանդ չվերթերը։ Մասնավորապես, Բիշքեկ մեկնող ինքնաթիռը պետք է օդ բարձրանար դեռ Մոսկվայի ժամանակով 01:30-ին, սակայն անօդաչուների հարձակման պատճառով թռիչքի ժամը բազմիցս տեղափոխվել է։
Ալմաթիի չվերթի ուղևորները պատմել են, որ գիշերն իրենց արդեն նստեցրել էին օդանավ, սակայն քիչ անց խնդրել են վերադառնալ տերմինալ։ Դրանից հետո մարդկանց երկար ժամանակ թողել են բուֆերային գոտում, իսկ մեկնման ժամը փոխել չորս անգամ։ Ուղևորների խոսքով՝ դեպի ԱՊՀ երկրներ առավոտյան չվերթերն ի վերջո իրականացվել են, մինչդեռ գիշերային թռիչքների սպասողները դժգոհում են, որ ավիաընկերությունների ներկայացուցիչներն իրենց որևէ տեղեկություն չեն տրամադրում։
Ականատեսները հայտնում են, որ օդանավակայանի սրահներում նստատեղերը չեն բավականացնում, ինչի պատճառով ուղևորները, որոնց թվում շատ երեխաներ կան, ստիպված քնում են հատակին։ Նրանց խոսքով՝ մարդիկ բախվել են նաև սննդի ու ջրի պակասի խնդրին, իսկ հյուրանոցներ չեն տրամադրվում։ Գիշերվա ընթացքում նրանց 800 ռուբլու կտրոններ են բաժանել, սակայն նշված սրճարաններում սնունդն արդեն սպառված է եղել։
«Աերոֆլոտ»-ից հայտնել են, որ աշխատում են հոկտեմբերի 17-ին Մոսկվայի ավիահանգույցի օդանավակայաններում մտցված ժամանակավոր սահմանափակումների հետևանքները մեղմելու և չվացուցակը վերականգնելու ուղղությամբ։
Ավիաընկերության փոխանցմամբ՝ «Շերեմետևո»-ում ուժեղացվել է ուղևորների սպասարկումը. ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ, վերաձևակերպվում են տոմսերը և վերաբաշխվում ուղևորահոսքերը։ Վերաձևակերպման սպասողներին առաջարկվում է շշալցված ջուր և սենդվիչ։ Չեղարկված չվերթերի ուղևորներին խորհուրդ է տրվել չգալ օդանավակայան. տոմսերը վերադարձնել կամ փոխանակել հնարավոր է հեռավար կարգով, իսկ գործակալությունների միջոցով գնված տոմսերի դեպքում անհրաժեշտ է դիմել գնման վայր։
Մինչդեռ, MSK1.RU-ի տվյալներով, «Շերեմետևո»-ի ցուցատախտակին չվերթերի մեծ մասի մեկնման ժամերը փոփոխված են, իսկ ավելի քան մեկ երրորդը՝ ընդհանրապես չեղարկված։ Ուղևորներից մեկը, որը պետք է հոկտեմբերի 16-ին մեկներ Սուրգութ, պատմել է, որ հյուրանոցում մեկ գիշեր անցկացնելուց հետո իր թռիչքը տեղափոխել են հոկտեմբերի 21-ին, և այժմ ինքը չգիտի, թե որտեղ է անցկացնելու սպասման մնացած օրերը։





























