Մեքսիկայում դատարանը 158 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել երեք տղամարդու, որոնք մեղավոր են ճանաչվել ավստրալացի երկու եղբայրների և նրանց ամերիկացի ընկերոջ սպանության մեջ։ BBC News-ի փոխանցմամբ՝ Ջեյք Ռոբինսոնը, Քալում Ռոբինսոնը և Քարթեր Ռոադը սպանվել են 2024 թվականին՝ Ստորին Կալիֆոռնիա նահանգում սերֆինգի գնալու ընթացքում։

Քննության տվյալներով՝ հանցագործությունը տեղի է ունեցել Էնսենադայի մոտակայքում գտնվող մեկուսի լողափում․ հարձակվողները, ըստ ամենայնի, փորձել են կողոպտել սերֆերների ավտոմեքենան։ Գլխի շրջանում հրազենային վնասվածքներ ստացած տղամարդկանց մարմինները հայտնաբերվել են սպանությունից մոտ մեկ շաբաթ անց՝ ջրհորի մեջ։

Իրավական պատճառներով դատապարտյալների ամբողջական անունները չեն հրապարակվում։ Դատական նյութերում նրանք նշված են որպես Խեսուս Խերարդո, Իրենեո Ֆրանսիսկո և Անխել Խեսուս։ Մեղադրական վերդիկտը կայացվել էր անցյալ շաբաթ։

Դատական նիստի ընթացքում եղբայրների մայրը՝ Դեբրա Ռոբինսոնը, հայտարարել է, որ որդիների սպանությունն իր ընտանիքին զրկել է այն ապագայից, որը նրանք պատկերացնում էին նրանց հետ։

Անցյալ տարվա նոյեմբերին «Էլ Կեկաս» մականունով հայտնի հանցագործության ենթադրյալ կազմակերպչի՝ Խեսուս Խերարդոյի ընկերուհին, առանձին գործով դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման․ նա ընդունել էր կողոպտմանն իր մասնակցությունը։

Սպանությունը լայն արձագանք է գտել Ավստրալիայում և նրա սահմաններից դուրս։ Էնսենադան համարվում է սերֆերների նախընտրած հանգստավայրերից մեկը, և տեղի ունեցածը ցնցել է ինչպես տեղացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։

Իշխանությունների փոխանցմամբ՝ 30-ն անց տղամարդիկ, ամենայն հավանականությամբ, պատահական հարձակման զոհ են դարձել․ քննությունը հանգել է այն եզրակացության, որ նրանց սպանել են պարզապես սխալ պահին սխալ տեղում հայտնվելու պատճառով։

Ռոբինսոն եղբայրներն ու նրանց ընկերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանն անցել էին սպանությունից ընդամենը մեկուկես օր առաջ։ Ողբերգությունից հետո տեղի սերֆերները կոչ են արել ուժեղացնել բնակիչների և զբոսաշրջիկների համար կիրառվող անվտանգության միջոցառումները։ Զբոսաշրջությունը Ստորին Կալիֆոռնիա նահանգի տնտեսության կարևոր ճյուղերից է։