Ուկրաինան պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի հետ ցանկացած ձևաչափով և ցանկացած երկրում, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպմանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է X սոցիալական ցանցում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ-ը առաջարկել է արդեն հաջորդ շաբաթ անցկացնել ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպում։

«Մենք պատրաստ ենք բանակցել ցանկացած վայրում և ցանկացած ձևաչափով՝ եռակողմ, երկկողմ, քառակողմ, «հինգ պլյուս» ձևաչափով. նշանակություն չունի։ Կարևորը, որ խաղաղություն լինի», — գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին ընդգծել է, որ ակնկալում է ԱՄՆ ճնշման ուժեղացում Պուտինի, ոչ թե Կիևի նկատմամբ։ Նրա խոսքով՝ հակառակ դեպքում նման մոտեցումն անարդար կլինի։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցությունների առանձին եվրոպական ուղի ստեղծելու անհրաժեշտության մասին։ Նրա կարծիքով՝ պետք է օգտագործել պատերազմի դադարեցման համար բոլոր հնարավոր դիվանագիտական ուղիները։ Բացի այդ, Կիևը մտադիր է առանձին բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ծովային և պարենային անվտանգության հարցերի շուրջ, ինչպես նաև քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչների հետ։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Հնարավոր հարթակների թվում նա նշել է Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։ Մեկ այլ տարբերակ է հանդիպումը ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ընթացքում, կամ եվրոպական երկրներից մեկում։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ առայժմ ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը չեն հաստատել նման հանդիպման անցկացումը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրները ևս սկսում են շփումներ այս հարցի շուրջ։