Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ռուսաստանյան դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիրը վերաբերում է բացառապես երկու երկրներին, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այդ թեմայով հայտարարությունները Սերգեյ Լավրովն անվանել է ինքնագովազդի փորձ։ Այս մասին Ռուսաստանի ԱԳ նախարարության ղեկավարը հայտարարել է Ռուսաստան — Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) ռազմավարական երկխոսության նախարարական խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ТАСС-ը։

«Մոսկվայի և Վաշինգտոնի միջև դիզելային գործարքը հարց է, որը վերաբերում է Մոսկվային և Վաշինգտոնին», — ընդգծել է Լավրովը։

Նա մեկնաբանել է Եվրամիության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք համաձայնություններն անվանել էին Ուկրաինային դավաճանություն, ինչպես նաև Զելենսկու դիրքորոշումը, որը պնդում էր, թե ռուսաստանյան դիզվառելիքի արտահանումը պետք է համաձայնեցվի Կիևի հետ։

«Եթե Եվրամիությունում կարծում են, որ սա Ուկրաինային դավաճանություն է, իսկ ինքը՝ Զելենսկին, հայտարարում է, որ ռուսաստանյան դիզվառելիքի արտահանման հարցը պետք է լուծել իր հետ, որովհետև միայն ինքը կարող է թույլտվություն տալ, ապա սա արդեն ոչ թե էներգետիկ անվտանգության ոլորտից է, այլ ինքնագովազդի և հերթական ծաղրածուության ոլորտից», — հայտարարել է ռուսաստանցի նախարարը։

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 9-ին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, մասնավորապես, քննարկել են նավթամթերքների մատակարարումները։ Ըստ Պուտինի, Մոսկվան հաստատել է նավթ և նավթամթերքներ մատակարարելու պատրաստակամությունը ինչպես ամերիկյան, այնպես էլ համաշխարհային շուկաներ։

ՊԾԱՊՀԽ-ն տարածաշրջանային կազմակերպություն է, որը միավորում է Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։ Այն ստեղծվել է Պարսից ծոցի երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և միջազգային ու տարածաշրջանային հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները համաձայնեցնելու համար։