Ուկրաինան ներողություն է խնդրել Լիտվայից այն բանից հետո, երբ անօդաչու թռչող սարքը խախտել է երկրի օդային տարածքը և ընկել նրա տարածքում։ Կիևը ենթադրել է, որ սարքը կարող էր շեղվել ուղուց՝ ռուսաստանյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության պատճառով։

«Մենք ցավում ենք այս առավոտ Լիտվայի օդային տարածքում տեղի ունեցած միջադեպի համար», — X սոցիալական ցանցում գրել է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ Նա պարզաբանել է, որ անօդաչուն կարող էր շեղվել ռուսաստանյան ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցությամբ՝ Ռուսաստանի տարածքում օրինական ռազմական թիրախների դեմ ուկրաինական գործողության ընթացքում։

«Ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության, ռիսկերի և անհանգստության համար, որը դա կարող էր առաջացնել», — ավելացրել է Տիխին։ Ըստ նրա, Կիևը մտադիր է համագործակցել Վիլնյուսի հետ, որպեսզի պարզի տեղի ունեցածի հանգամանքները և թույլ չտա նման միջադեպերի կրկնություն։

Ավելի վաղ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել էր, որ երկրի հյուսիսում ընկած անօդաչուն, հավանաբար, ժամանել էր հարևան Լեհաստանից։ Սարքի թռիչքի պատճառներն ու երթուղին ճշտվում են։

Բեկորները վնասել են ընթացքի մեջ գտնվող քաղաքացիական ավտոմեքենան, սակայն ոչ ոք չի տուժել, լիտվական ռադիոյին հայտնել է Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Վիլմանտաս Վիտկաուսկասը։ Նրա վկայությամբ, թռչող սարքի մասերը հայտնաբերվել են, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյոք անօդաչուն հագեցած էր պայթուցիկ նյութով։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ սպառնալիքներ է ստեղծում ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության արևելյան թևի համար։ Նա հայտնել է, որ ենթադրյալ անօդաչուն պայթել է երկրի հյուսիսային հատվածի վերևում և վտանգ էր ներկայացնում խաղաղ բնակիչների համար։

Իշխանություններն օդային տագնապ էին հայտարարել Լիտվայի հյուսիսում գտնվող մի քանի շրջաններում։ Հնարավոր սպառնալիքի մասին նախազգուշացումներ ստացել էին նաև Լատվիայի սահմանամերձ որոշ շրջանների բնակիչները։

Օդային օբյեկտը ստուգելու համար օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Ըստ Կաունասի, եղանակային պայմանների պատճառով օդաչուներին չի հաջողվել տեսողական կապ հաստատել անօդաչուի հետ։ Դաշինքի ներկայացուցիչը հաստատել է, որ միջադեպին արձագանքելու համար ներգրավվել են ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո գործող երկու իտալական Eurofighter կործանիչներ։ Հետաքննությունը շարունակվում է, դաշինքը կապի մեջ է լիտվական իշխանությունների հետ։

Ուկրաինայում պատերազմի ֆոնին նման միջադեպեր արդեն տեղի են ունեցել Բալթյան երկրներում։ Ռուսաստանի հյուսիսարևմուտքում գտնվող թիրախներին հարվածելու համար ուղարկված ուկրաինական անօդաչուները նախկինում շեղվել են ուղուց և մտել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածք։ Բացի այդ, նախկինում Բելառուսի կողմից Լիտվայի տարածք են ներթափանցել ռուսաստանյան արտադրության անօդաչուներ։