Կանադայի Ալբերտա նահանգի կենտրոնական հատվածում գտնվող Ուեյնրայթի ռազմական բազայում խոշոր հրդեհի հետևանքով չորս զինծառայող է զոհվել, ևս տասնյակները ծանր վիրավորումներ են ստացել, հաղորդում է CBC հեռուստաալիքը։

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ ընդարձակ ուսումնական զորավարժարանի տարածքում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հաստատել է չորս զինվորականի մահը և հայտնել, որ նրանց մերձավոր հարազատներն արդեն տեղեկացվել են տեղի ունեցածի մասին։

Կանադայի ազգային պաշտպանության նախարարությունը CBC հեռուստաալիքին հայտնել է, որ այս պահին որևէ նշան չկա, թե բազայում տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ահաբեկչական գործունեության հետ։

Ողբերգությունից հետո ցավակցություններ են հայտնել նահանգների ղեկավարները և կանադացի այլ պաշտոնատար անձինք։ Նրանք նաև խոստացել են աջակցություն ցուցաբերել տուժածներին և նրանց ընտանիքներին։

Քարնին հայտնել է, որ հանձնարարել է գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներին օրվա երկրորդ կեսին կանադացիների համար ճեպազրույց անցկացնել և ողբերգության հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ տրամադրել։

Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ