Ռումինիայում դեռահասը դանակով հարձակվել է ուսուցչուհու և 12-ամյա աշակերտի վրա. տուժածները հոսպիտալացվել են, իսկ հարձակվողը՝ վնասազերծվել ու ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Բիստրիցա-Նեսեուդ նահանգի ոստիկանության մամուլի ծառայությունը։
«112 ահազանգման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ 7-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչուհու և մեկ այլ աշակերտի վրա: Հարձակվողը վնասազերծվել է, իսկ երկու տուժածներին շտապօգնության բրիգադները տեղափոխել են հիվանդանոց»,— նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Շտապօգնության մի քանի խումբ է ժամանել դպրոց, քանի որ տեղի ունեցածից հետո մի շարք աշակերտների մոտ խուճապային նոպաներ են սկսվել։
Նահանգային հիվանդանոցից պարզաբանել են, որ 28-ամյա ուսուցչուհին և 12-ամյա դպրոցականն ընդունվել են կտրած-ծակած վերքերով. նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են, ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։




























