Անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում բռնկված անկարգությունների ընթացքում ավելի քան 2000 առևտրի կետ է թալանվել կամ ավերվել։ Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեն Դի Կրեշենցոն։
TV5 Monde հեռուստաալիքի փոխանցմամբ, որը հղում է անում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուին, Փարիզից բացի մարոդյորության դեպքեր են արձանագրվել նաև Լիլում, Մարսելում, Ստրասբուրգում, Ռուանում, Նանտում, Ռենում, Թուլուզում, Պոյում և Վալանսում։
Լիլում հարձակման են ենթարկվել Sephora-ի, Apple Store-ի և Carrefour City-ի խանութները, Ռենում՝ Galeries Lafayette հանրախանութն ու Starbucks սրճարանը, իսկ այլ քաղաքներից հաղորդվում է Zara, Nike, Decathlon, H&M և Swarovski խանութների թալանի մասին։ Փարիզում թալանվել են Celine, Dior և Galeries Lafayette բուտիկները, ինչպես նաև հրկիզվել է Kawasaki-ի ավտոսրահը։ Լիոնում մարոդյորների գործողություններից տուժել են Louis Vuitton, The North Face, Jott և Hugo Boss խանութները, Բորդոյում՝ Louis Vuitton-ն ու Apple-ը, իսկ Մարսելում՝ Hermes-ը։
Ֆրանսիայի ԱԱՊ ղեկավարն ընդգծել է տուժած գործարարների «զայրույթը, տարակուսանքն ու հուսահատությունը»՝ հավելելով, որ առաջիկայում կքննարկվեն անկարգությունների հասցրած վնասի չափերը, որոնք կարող են կազմել հարյուրավոր միլիոնավոր եվրոներ։ «Առջևում նախասուրբծննդյան շրջանն է, որին բաժին է ընկնում գործարարների շրջանառության շուրջ 40%-ը։ Ոմանց համար սնանկությունն արդեն սարերի հետևում չէ»,— նշել է Դի Կրեշենցոն։
Նախորդ հանգստյան օրերին Փարիզում և ողջ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր էին ընթանում վառելիքի գների թանկացման և բնակչության գնողունակության անկման դեմ։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ակցիաներին մասնակցել է շուրջ 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ տվյալներով՝ 550 հազար, ինչը կրկնակի գերազանցել է ուժայինների վերլուծաբանների կանխատեսումները։ Մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ ՆԳՆ-ից հայտնել են ամբողջ երկրում ավելի քան 2000 մարդու բերման ենթարկելու մասին և վստահեցրել, որ իշխանությունները շարունակելու են ջարդարարության ու թալանի բոլոր մասնակիցների քրեական հետապնդումը։





























