1970 թվականից ի վեր՝ այսինքն վերջին 50 տարվա ընթացքում, ողնաշարավոր կենդանիների թվաքանակը կրճատվել է 73%-ով, և այդ գործընթացը կանգ չի առնում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին Երևանում ընթացող COP17 համաժողովի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF International) նախագահ Ադիլ Նաջամը։
Նա պարզաբանել է, որ չնայած մտահոգիչ միտումներին՝ ամբողջ աշխարհում լայնածավալ ու կարևոր աշխատանք է տարվում։ Նրա խոսքով՝ վագրերի պոպուլյացիայի ավելի քան կրկնակի աճը, ծովային կրիաների թվաքանակի վերականգնումը և այլ օրինակներ վկայում են, որ փոփոխությունները լիովին իրատեսական են։
Նաջամը պարզաբանել է, որ խոսքը «հույսի գիտության» մասին է։ Դա հստակ պատկերացում է տալիս, թե կոնկրետ ինչ քայլեր են անհրաժեշտ համաշխարհային մասշտաբով նման փոփոխությունների հասնելու համար։
«Հիմա երկար մտորելու ժամանակը չէ, եկել է գործելու պահը, և հենց այդ պատճառով էլ COP17 համաժողովն այդքան կարևոր է»,— նշել է նա։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF International) բազմակողմ քաղաքականության ուղղության ղեկավար Գվիդո Բրուկհևենն իր հերթին պարզաբանել է, որ COP17-ը պետք է իրատեսական ուղի նախանշի 2022 թվականին համաձայնեցված նպատակին հասնելու համար, այն է՝ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության միջազգային ֆինանսավորմանն ամեն տարի հատկացնել 30 միլիարդ դոլար։
Նա նշել է, որ այդ գործընթացը պետք է ուղեկցվի ազգային մակարդակով ռեսուրսների առավել ակտիվ հավաքագրմամբ և դոնորների շրջանակի ընդլայնմամբ։
Բրուկհևենը հիշեցրել է, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի համաձայն՝ աշխարհի երկրները պայմանավորվել են մինչև 2030 թվականը կրճատել և վերաուղղորդել բնությանը վնաս հասցնող տնտեսական խթաններն ու սուբսիդիաները (տարեկան առնվազն 500 միլիարդ դոլարի չափով)։
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF International) պետական հատվածի հետ գործընկերության ուղղության ղեկավար Սելին Բոլյոն ընդգծել է, որ Երևանում կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորման շուրջ քննարկումները պետք է կենտրոնանան գլխավոր հարցի վրա. արդյո՞ք ֆինանսական հոսքերն ապահովում են այն ամենը, ինչն անհրաժեշտ է երկրներին՝ կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրով ստանձնած պարտավորություններից դեպի գործնական իրականացում անցնելու համար։ Անհնար է ստեղծել գործողությունների հուսալի ծրագիր առանց կայուն ֆինանսական երաշխիքների։
«Կենսաբազմազանության պահպանմանն ուղղված համաշխարհային ֆինանսավորման ծավալը գնահատվում է տարեկան շուրջ 75–92 միլիարդ դոլար, ընդ որում՝ պետական միջոցների մասնաբաժինը կազմում է տարեկան մոտ 16 միլիարդ դոլար։ Այո՛, ֆինանսավորման ծավալներն աճում են, սակայն դրանց մասշտաբն ու որակը դեռևս չեն համապատասխանում կառավարությունների համաձայնեցրած հավակնոտ նպատակներին։
Կառավարություններին հստակ ծրագիր է անհրաժեշտ, որը թույլ կտա մինչև 2030 թվականը բոլոր աղբյուրներից ներգրավել տարեկան առնվազն 200 միլիարդ դոլար, այդ թվում՝ տարեկան առնվազն 30 միլիարդ դոլար՝ միջազգային ֆինանսավորման տեսքով։
Խոսքը ոչ միայն ռեսուրսների հավաքագրման, այլև կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի իրականացման նպատակով դրանց արդյունավետ բաշխման և օգտագործման մասին է։ Բացի այդ, չի կարելի մի ձեռքով ֆինանսավորել բնության պահպանումը, իսկ մյուսով՝ դրա ոչնչացումը»,— հավելել է նա։





























