Իսպանիայի կառավարությունը կհաստատի 45 մլն եվրոյի փաթեթ, որով նախատեսվում է առաջին փուլում 2000 նոր տեղ ստեղծել բուհերի հանրակացարաններում։ Այս մասին սոցցանցերի իր էջերում գրել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Այսօր մենք ստորագրում ենք Ուսանողների նոր կանոնադրության հռչակագիրը, որն ամրագրում է նոր իրավունքներ ու պարտականություններ։ Արդեն վաղը կհաստատենք 45 մլն եվրոյի աջակցությունը համալսարանական հանրակացարաններին, ինչի շնորհիվ սկզբնական շրջանում ողջ երկրի պետական բուհերում կստեղծվի շուրջ 2000 նոր տեղ»,— նշել է նա։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուսանողների կարգավիճակի մասին թագավորական հրամանագրի նախագծի ստորագրման ժամանակ Սանչեսը պարզաբանել է, որ փաստաթուղթը նպատակ ունի ուսանողներին ու դասախոսներին ապահովել մատչելի կացարաններով և չի պահանջում Պատգամավորների կոնգրեսի հաստատումը։
«Համալսարանն անմասն չէ բնակարանային խնդրից։ Երբ ուսանողն ի վիճակի չէ ապրել այնտեղ, որտեղ կցանկանար սովորել, բուհը դադարում է լինել բարգավաճման ու հավասար հնարավորությունների շարժիչ ուժ»,— շեշտել է վարչապետը։
Նշենք, որ հոկտեմբերի ընթացքում Իսպանիայում բնակարանային և կրթական ճգնաժամի դեմ բողոքի երկու խոշոր ցույց է տեղի ունեցել։ Ցուցարարները պահանջում էին բարելավել աշխատանքային պայմաններն ու գրաֆիկը, ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, դասարաններում նվազեցնել աշակերտների թիվը և ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել մինչև 600 եվրոյով։ Ակցիաներ են անցկացվել Իսպանիայի ավելի քան 50 քաղաքում, այդ թվում՝ Մադրիդում, Բարսելոնայում և Վալենսիայում։ Դժգոհության ևս մեկ առիթ էր դարձել այն, որ երկրի խորհրդարանը մերժել էր բնակարանային ապահովման վերաբերյալ կառավարության որոշումները, որոնք նախատեսում էին մինչև 2030 թվականն արգելել մարդկանց վտարումը տներից և երկարաձգել վարձակալության ժամկետները։





























