Քենիայի քրիստոնեական աղանդի առաջնորդ Փոլ ՄըքՔենզին մեղավոր է ճանաչվել 191 մարդու սպանության համար, որոնցից գրեթե բոլորը երեխաներ են։ ՄըքՔենզիի հետ միասին գործով անցնում են ևս մոտ 30 այլ մեղադրյալներ։
Դատարանը հաստատել է, որ մարդկանց մահը եղել է «կազմակերպված համակարգի հետևանք, որտեղ կրոնական ուսմունքներն ու ձևավորված հիերարխիան օգտագործվել են ՄըքՔենզիի հետևորդներին մահաբեր սովամահության կազմակերպման և դրան հարկադրելու համար», հայտնել են Քենիայի գլխավոր դատախազության վարչությունից։
«Սովամահությունն իրականացվել է փուլերով՝ սկսելով երեխաներից, իսկ պահակները վերահսկում էին մարդկանց տեղաշարժը և թույլ չէին տալիս հետևորդներին փախչել»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
50 տարեկանից բարձր ՄըքՔենզիի հանցակիցները սպանությունների մեջ մեղադրվել են 2024 թվականինն, երբ Քենիայի արևելքում գտնվող Շաքահոլա անտառում արտաշիրիմվել էին հարյուրավոր մարմիններ։ Քննության վարկածով՝ հենց այնտեղ ՄըքՔենզին և նրա համախոհները կազմակերպել էին աղանդ, որի գործունեությունը հանգեցրել էր մարդկանց զանգվածային մահվան։
Անտառում պեղումները սկսվել են 2023 թվականի ապրիլին։ Մինչ օրս իշխանությունները 429 մարմին են հայտնաբերել։ Չի բացառվում, որ նոր մեղադրանքներ էլ առաջադրվեն։
ՄըքՔենզին ղեկավարում էր Good News International եկեղեցին։ Նրան մեղադրում էին ապոկալիպտիկ աղանդ ղեկավարելու մեջ, որի հետևորդներին նա, ըստ քննության տվյալների, հրամայել էր սովամահ անել իրենց և իրենց երեխաներին, որպեսզի հասնեն երկինք և հանդիպեն Հիսուսին։
Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ զոհվածներից շատերը մահացել են սովից։ Մյուսների մարմինների վրա բութ առարկաներով հասցված հարվածների և խեղդամահության հետքեր են հայտնաբերվել։





























