Խաղաղ օվկիանոսը զարգացող հզոր կլիմայական Էլ Նինյո երևույթի պատճառով իր գույնը փոխում է կանաչից վառ կապույտի։ NASA-ի արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում փոփոխությունները հատկապես նկատելի են օվկիանոսի հասարակածային հատվածում։

Պատճառը ֆիտոպլանկտոնի՝ մանրադիտակային օրգանիզմների քանակի նվազումն է․ դրանք ծովային սննդային շղթայի հիմքն են և ջրին կանաչավուն ու փիրուզագույն երանգներ են հաղորդում։ Պասատների թուլացման հետևանքով տաք ջրերը տարածվում են Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևելյան հատվածներում՝ ճնշելով սննդարար նյութերով հարուստ սառը ջրերի վերելքը։ Արդյունքում ֆիտոպլանկտոնի պոպուլյացիաները նվազում են, իսկ ջուրը դառնում է ավելի կապույտ։

ԱՄՆ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տվյալներով՝ հավանականությունը, որ ներկայիս Էլ Նինյոն կդառնա վերջին 75 տարվա ամենաուժեղը, կազմում է 83%։

Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ջրի ջերմաստիճանն արդեն մոտ 3 աստիճանով գերազանցում է երկարաժամկետ միջին նորման։ Գիտնականները զգուշացնում են, որ առաջիկա ամիսներին այն կարող է շարունակել աճել։

Էլ Նինյոն կարող է ծայրահեղ տեղումներ, ջրհեղեղներ, հզոր ալիքներ և ափամերձ էրոզիա առաջացնել։ Կելվինի օվկիանոսային ալիքների հետ համատեղ այս երևույթը կարող է ժամանակավորապես ծովի մակարդակը բարձրացնել 30 սանտիմետրով՝ մեծացնելով ափամերձ հեղեղումների վտանգը։

Անցյալ ամիս Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը նահանգում արտակարգ դրություն հայտարարեց։ Նրա վարչակազմի գնահատմամբ՝ երևույթն արդեն հանգեցնում է ռեկորդային ցուցանիշների և կարող է սաստկանալ՝ դառնալով դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենահզորը։

Միևնույն ժամանակ Կալիֆոռնիայի ափերի մոտ անսովոր ծովային բնակիչների, դրանց թվում՝ կետային շնաձկների, մուրճագլուխ շնաձկների և թունավոր ծովային օձերին են կատում։