Ահայտ կորած օդաչու Ամելիա Էրհարթի ինքնաթիռը որոնելու համար հեռավոր խաղաղօվկիանոսյան մարջանի մանեկաձև կղզի մեկնած արշավախումբը ձախողվել է. օդանավի բեկորներ համարված խորհրդավոր օբյեկտը, պարզվել է, ափ նետված ծառերի կուտակում էր։
17 հոգուց բաղկացած խումբը մեկնել էր Կիրիբատիի Նիկումարորո ատոլ՝ օղակղզի, երբ արբանյակային լուսանկարներում նկատել էին երկարավուն բաց գույնի օբյեկտ, իսկ տեսագրության մեջ՝ հնարավոր մետաղական փայլ։ Հետազոտողները մի քանի օր անցկացրել են կղզում՝ օգտագործելով նաև մետաղորսիչներ, սակայն համոզիչ ապացույցներ չեն հայտնաբերել։
Արշավախմբին մասնակցած Փերդյուի համալսարանը հաստատել է, որ խորհրդավոր օբյեկտը, ամենայն հավանականությամբ, ավազոտ նեղ ցամաքալեզվի վրա կուտակված խոշոր ծառեր են։ Ենթադրյալ մետաղական փայլը բացատրել են բնական կարբոնատային ծածկույթով։
Ամելիա Էրհարտը և շտուրման Ֆրեդ Նունանը անհետացել են 1937 թվականին՝ հասարակածի երկայնքով աշխարհաշրջանային թռիչք կատարելու փորձի ժամանակ։ Նիկումարորոն շարունակում է մնալ նրանց հնարավոր կործանման ենթադրյալ վայրերից մեկը։ Ավելի վաղ ատոլում հայտնաբերվել էին ճամբարի հետքեր, 1930-ականների կանացի կոշիկ և կոսմետիկ միջոցի տարայի բեկորներ, սակայն գտածոներից և ոչ մեկն օդաչուի ճակատագիրը պարզելուն չի օգնել։
«Մենք վճռորոշ ապացույց չգտանք»,- խոստովանել է արշավախմբի մասնակից Սթիվ Շուլցը։
Էրհարտի որոնումները շարունակվում են արդեն գրեթե 90 տարի։ Նրա անհետացման մյուս վարկածների թվում են ճապոնական զորքերի կողմից գերեվարումը և այն ենթադրությունը, թե օդաչուն ողջ է մնացել ու ապրել ուրիշ անունով։ Այս հիպոթեզներից ոչ մեկը համոզիչ հաստատում չի ստացել։





























