Պենտագոնը ձգձգում է Ուկրաինային ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարումը։ Այս մասին հայտնում են ամերիկյան Washington Post թերթը և ուկրաինական անգլալեզու Kyiv Independent պարբերականը։

Ըստ Washington Post-ի չորս աղբյուրների տեղեկությունների՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը դեռևս չի հաստատել հակահրթիռների փոխանցումը Կիևին, այդ թվում՝ Ուկրաինային աջակցող այլ երկրների կողմից։

Ուկրաինան բազմիցս դժգոհել է Patriot-ների համար նախատեսված հրթիռների պակասից, քանի որ դրանք միակ համակարգերն են, որոնք ի վիճակի են արդյունավետորեն խոցել ռուսական բալիստիկ հրթիռները։

Անանուն ուկրաինացի պաշտոնյան Washington Post-ին հայտնել է, որ Կիևի տրամադրության տակ մնացել է Patriot-ի «ընդամենը մի քանի» հակահրթիռ։

Պարբերականի զրուցակիցները նշում են, որ Հեգսեթը չի արգելել մատակարարումները, սակայն մինչ օրս չի ձեռնարկում դրանց հաստատման համար անհրաժեշտ պաշտոնական քայլերը։ Հրապարակման մեջ ասվում է նաև, որ պաշտպանության նախարարը շարունակում է հաստատել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան որոշ ռազմական օգնություններ։

Միևնույն ժամանակ, Kyiv Independent-ը մեջբերում է ուկրաինացի պաշտոնյաների խոսքերը, որոնցից ոմանք կասկածում են, որ ձգձգումների պատճառը Կիևի վրա քաղաքական ճնշում գործադրելու Վաշինգտոնի ձգտումն է։

«Patriot-ների պայմանագրերը դրված են Հեգսեթի սեղանին, բայց նա դրանք չի ստորագրում», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի դաշնակիցներն արդեն վճարել են այդ հրթիռների համար։ «Տպավորություն է, թե սա ստորագրելու քաղաքական ցանկության բացակայություն է», - Kyiv Independent-ին ասել է ուկրաինացի պաշտոնյաներից մեկը։

Երկուշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ պաշտոնյաներին հանձնարարել է կապ հաստատել «այն գործընկերների հետ, որոնք կարող են հնարավորինս արագ աջակցել մեր ՀՕՊ-ին»։

«Կան քաղաքական պայմանավորվածություններ, որոնք աշխատանքային մակարդակում չեն կատարվել։ Կա նաև ԱՄՆ ռազմական նախարարության մակարդակով կենսական նշանակություն ունեցող առանձին մատակարարումների հետաձգում», - հավելել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի։

Դրանից առաջ՝ Bloomberg-ին տված հարցազրույցում, Զելենսկին ասել էր, որ ԱՄՆ-ն ուշացնում է Patriot-ների համար նախատեսված և արդեն իսկ վճարված հակահրթիռների մատակարարումը։ «Մատակարարումների մի մասը հաստատվել է, իսկ մնացածը՝ ոչ։ Եվ սա տեխնիկական հարց չէ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ ներկայումս ԱՄՆ-ն Ուկրաինային ամսական ուղարկում է Patriot համակարգերի 12 հրթիռ, ինչը կազմում է նախորդ՝ Ջո Բայդենի վարչակազմի օրոք իրականացված մատակարարումների մոտ մեկ քառորդը։