Ռումինիայի դպրոցներից մեկում աշակերտը դանակահարել է ուսուցչուհուն և մեկ այլ աշակերտի։ Այս մասին, հղում անելով Ռումինիայի ոստիկանությանը, հայտնում է Reuters գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան Բիստրիցա քաղաքի ուսումնական հաստատություններից մեկում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ տեղական ժամանակով մոտ 08:40-ին իրավապահներն ահազանգ են ստացել, որ 13-ամյա աշակերտը դանակով հարձակվել է մանկավարժի և մեկ այլ դպրոցականի վրա։ Դեռահասին վնասազերծել և ձերբակալել են։ 28-ամյա ուսուցչուհին և 12-ամյա աշակերտը կտրած վնասվածքներ են ստացել․ նրանց վիճակը գնահատվում է կայուն։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակումից կարճ ժամանակ առաջ դպրոցականը TikTok-ում գրառում է արել իր մտադրությունների մասին։ Լրագրողները նաև կադրեր են հրապարակել, որոնցում նա կանգնած է հայելու առջև՝ դանակով և տեսախցիկով ամրացված սաղավարտով։ Հրապարակումներից մեկին կից նշված է եղել, որ դեռահասն այդ հարձակմանը պատրաստվել է ութ ամիս։
Ռումինիայի կրթության նախարար Միհայ Դիմիանը հայտարարել է, որ TikTok-ում հարձակման մասին նախապես հայտնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները պետք է ստուգվեն քննությամբ։
Ըստ Reuters-ի՝ այս տարի Եվրոպայի ուսումնական հաստատություններում հարձակումների շարք է արձանագրվել, մասնավորապես՝ Լեհաստանում, Ֆրանսիայում և Շվեդիայում։ Ընդ որում, որոշ դեպքերում իշխանությունները մատնանշել են սոցիալական ցանցերի և բռնություն փառաբանող առցանց ենթամշակույթների դերը։





























