Հնագետները վերծանել են հռոմեական դարաշրջանի կրաքարե օրակուլի վրա եղած արձանագրությունները, որը 2024 թվականին հայտնաբերվել էր Թուրքիայի հարավ-արևմուտքում։ Պարզվել է, որ քարե սյան վրա գրանցված էր 56 պատասխաններ այն հարցերին, որոնք հին բնակիչները տալիս էին աստվածներին՝ կենդանիների ոսկորներից սարքված խաղային զառերով։
Գործելու սկզբունքով օրակուլը հիշեցրել է ժամանակակից Magic 8-Ball գուշակող գնդակը․ մարդը նետում է զառերը և ստանում պատրաստի խորհուրդ՝ կախված տվյալ համակցությունից։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Gephyra ամսագրում և նվիրված են թվային համակցություններով գուշակության ավանդույթին, որը ստացվում էր զառեր նետելիս։ Այս պրակտիկան լայն տարածում է ունեցել Փոքր Ասիայի հարավում մոտավորապես մ.թ. 120-210 թվականներին՝ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։
Կանխագուշակություն ստանալու համար մարդը նետում էր հինգ աստրագալ՝ ոչխարների կամ այծերի հոդերից ստացված ոսկորներ, որոնք ունեին չորս նիստ, որոնց վրա կարող էին կայուն ընկնել։ Յուրաքանչյուր նիստին համապատասխանում էր թիվ՝ 1, 3, 4 կամ 6։ Հակադիր նիստերի գումարը կազմում էր յոթ։ Ոսկորները կարելի էր նետել միաժամանակ կամ հերթով, քանի որ թվերի հայտնվելու հերթականությունը նշանակություն չուներ։ Ընդամենը գոյություն ուներ 56 հնարավոր համակցություն, և դրանցից յուրաքանչյուրի համար սյան վրա նախատեսված էր առանձին պատասխան։
Հին Կիբիրա քաղաքից պահպանված կրաքարե բլոկը հասնում է մոտ 1,2 մետր բարձրության։ Չորս կողմից յուրաքանչյուրի լայնությունը կազմում է 58-71 սանտիմետր։ Ընդ որում, գտնված բեկորը միայն սկզբնական կառույցի մի մասն է, որի գագաթին երբևէ կանգնած է եղել ճանապարհորդների, առևտրի հովանավորի և աստվածների ու մարդկանց միջև միջնորդ Հերմեսի արձանը։
Հավանաբար, օրակուլը հայտնվել է Կիբիրայի մի հարուստ բնակչի շնորհիվ, որը վճարել է դրա տեղադրման համար։ Դրա շնորհիվ քաղաքաբնակներն այլևս պարտավորված չէին մեկնել հեռավոր սրբավայրեր՝ կանխագուշակություն ստանալու համար։ Ինչպես նշում են հետազոտողները, ոսկորներով գուշակությունը դարձել էր ստանդարտացված և լայնորեն տարածված ավանդույթ, որը հասկանալի էր տարածաշրջանի տարբեր քաղաքների բնակիչներին։
Գիտնականները բոլոր 56 պատասխանները համադրել են Փոքր Ասիայի այլ հուշարձանների արձանագրությունների հետ և դրանց միջև նմանություններ հայտնաբերել։ Որոշ տեքստերում պահպանվել են ձևակերպումների տեղական տարբերակներ և քարը փորագրողի թույլ տված սխալները։
Բուն բլոկը հնագետները հայտնաբերել են որպես մատուռի պատում կրկնակի օգտագործված քար։ Սակայն սկզբնապես այն, ամենայն հավանականությամբ, կանգնած է եղել քաղաքային ագորայում՝ գլխավոր հրապարակում, որտեղ հավաքվում էին բնակիչներն ու առևտրականները։ Օրակուլի կառուցման համար միջոցներ էր նվիրաբերած մարդու անունը նույնպես փորագրված էր քարի վրա, սակայն արձանագրությունն այնքան էր մաշվել, որ այն կարդալն այլևս անհնար է։
Յուրաքանչյուր կանխագուշակություն կապված էր որոշակի աստվածության հետ։ Դրանց թվում էին Զևսը, Ափրոդիտեն, Կրոնոսը և Պոսեյդոնը։ Սակայն կենտրոնական տեղում Հերմեսն էր, որին, ըստ ամենայնի, նվիրված էր նաև հենց կառույցը։
Օրակուլի խորհուրդները զգալիորեն տարբերվում էին միմյանցից։ Մի մասը զգուշացնում էր վտանգի մասին․ «Եթե ընկնեն երեք մեկ, մեկ չորս, իսկ հինգերորդ ոսկորը ցույց տա երեք, մի՛ համարձակվիր ձեռնարկել մտածած գործը»։
Մյուսները, ընդհակառակը, հաջողություն էին խոստանում․ «Չորս մեկը մեկ եռյակի հետ միասին ասում են հետևյալը․ փախի՛ր թշնամանքից ու չարությունից և այդժամ կստանաս քո պարգևը։ Դու կհասնես ցանկալիին, և մոխրագույն աչքերով աստվածուհի Աթենասը դա քեզ կշնորհի։ Քո ցանկությունը կկատարվի հենց այնպես, ինչպես ուզում է քո սիրտը»։
Որոշ պատասխաններ հնչում էին գրեթե ինչպես ժամանակակից հոգեբանի խորհուրդներ։ Դրանց թվում էին՝ «Դու չափազանց շատ ես մտածում» և «Եթե սպասես հարմար ժամանակին, ապա ամեն ինչում կհաջողես» արտահայտությունները։ Մյուս ձևակերպումներն այսօր ավելի դժվար է հասկանալ։ Օրինակ, պատասխաններից մեկում ասվում էր․ «Երբեք մի՛ վարվիր առյուծի պես, որը կույր ձագեր է ծնում»։
Այսպիսով, հին օրակուլը առաջարկում էր ոչ թե մեկ համընդհանուր մարգարեություն, այլ պատահական ոսկորների համակցությունների համար պատասխանների մի ամբողջ համակարգ։ Կիբիրայի բնակիչների համար սա հասանելի միջոց էր առօրյա գործերում աստվածներից խորհուրդ խնդրելու՝ առանց հայրենի քաղաքը լքելու։





























