Մեծ Բրիտանիան Typhoon կործանիչներ կուղարկի Սաուդյան Արաբիա՝ քաղաքներն ու ենթակառուցվածքները Եմենի հութի շարժման հրթիռային և անօդաչու հարձակումներից պաշտպանելու համար։ Դրա մասին, տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին, հայտնել է բրիտանական կառավարությունը, հաղորդում է BBC News-ը:
«Այդ ինքնաթիռները կկատարեն պաշտպանական առաջադրանքներ և հարվածներ չեն հասցնի հութիներին»,- երեքշաբթի օրը խորհրդարանին ուղղված գրավոր դիմումում հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգը։
Որոշումն ընդունվել է, երբ հութիները հարձակումներ են իրականացրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի և ափամերձ էներգետիկ օբյեկտների վրա։ Սաուդյան իշխանությունների տվյալներով՝ անցյալ շաբաթ թագավորության օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ։ Ավելի քան տասը տարվա ընթացքում երկրում ամենամահաբեր հարձակումը հոկտեմբերի 10-ին Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա իրականացված հրթիռային հարվածն էր. այն ժամանակ զոհվել էր 13 մարդ, ևս 308-ը վիրավորվել էին։
Բացի կործանիչներից, Լոնդոնը կուղարկի ռազմական խորհրդատուներ և RAF A400M ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը կօգնի պաշտպանական սարքավորումները տեղափոխել Սաուդյան Արաբիայի ներսում։ Մեծ Բրիտանիան արդեն թագավորությանը մատակարարում է օդային հարձակումներից պաշտպանության միջոցներ և պաշտպանական գործողությունների համար ապահովում է ինքնաթիռների օդում լիցքավորում։ Այդ աջակցության ժամկետը ևս 90 օրով երկարաձգվել է։
Սթրիթինգը հայտարարել է, որ Էր Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակումը ցույց է տալիս, թե որքան հեռու են հութիները պատրաստ գնալ հակամարտության սրման համար։ Նրա կարծիքով՝ Պարսից ծոցի տարածաշրջանում բռնությունը խաթարում է էներգակիրների մատակարարումները և մեծացնում ընտանիքների ու բիզնեսների ծախսերը։
Հութիները պատերազմ են վարում Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ, որին աջակցում է Սաուդյան Արաբիան։ 2014 թվականին շարժումը գրավել է երկրի մայրաքաղաք Սանան և այնտեղից դուրս մղել կառավարական ուժերին։
Վերջին շաբաթներին հութիները ակտիվացրել են հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա։ Ավելի վաղ այս շաբաթ, թագավորության աջակցությունը վայելող Եմենի զինված ուժերի տվյալներով, Շաբվա նահանգի ալ-Ալամ ռազմական ճամբարի վրա հրթիռային հարվածը հանգեցրել է ավելի քան 70 զինծառայողի մահվան։ Հութիների ներկայացուցիչը հայտարարել է, որ թիրախը Սաուդյան Արաբիայից եկած «հակառակորդի ուժերի կուտակումներն» էին։
Հութիներն իրենց գործողությունները բացատրում են որպես պատասխան Սաուդյան Արաբիայի կողմից արևմտյան Եմենի իրենց վերահսկողության տակ գտնվող շրջանների նկատմամբ ավիացիոն և հրետանային հարվածներին։ Շարժման վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 3-ից ի վեր սաուդյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 141 մարդ, ևս 395-ը վիրավորվել են։ Եմենի կառավարության առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ից ի վեր ամբողջ երկրում հակամարտության ընթացքում առնվազն 1282 մարդ է զոհվել։





























