ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն NEWS.am—ի հետ զրույցում հաստատել է, որ խուզարկություններ են իրականացվում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում։

«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում:

Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասացին կոմիտեից։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը հայտնել էր. «Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:

Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները․ երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»։

Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։