Տարբեր երկրների օրենքները կարող են ազդել քաղաքականության և ընտրությունների մասին ԱԲ չատ-բոտերի պատասխանների վրա՝ սահմանափակելով ընտրողների հասանելիությունը տեղեկությունները։ Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Վանդերբիլտ համալսարանին կից վերլուծական կենտրոնի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են արհեստական բանականության կարգավորումը 12 երկրներում և տարածաշրջաններում։ Նրանց զեկույցները հրապարակվել են 2025 և 2026 թվականներին, գրում է The Conversation-ը։

Ըստ վերջին հարցումների՝ ամերիկացի ընտրողների մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդն արդեն դիմել է չատ-բոտների՝ ընտրությունների և քաղաքականության վերաբերյալ հարցերով։ Սակայն օգտատերերը կարող են չիմանալ, որ ԱԲ-ի պատասխանները կախված են ոչ միայն մշակողներից, այլև պետական պահանջներից։ Միևնույն ժամանակ տեխնոլոգիական ընկերությունները հաճախ նույն կանոններն են տարածում ամբողջ աշխարհի վրա։

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իշխանությունները երբեմն իրական սպառնալիքների դեմ պայքարն օգտագործում են որպես պատրվակ՝ քաղաքական քննարկումներն ու ղեկավարության քննադատությունը սահմանափակելու համար։ Ընդ որում, ԱԲ-ի վերահսկման համար կիրառվում են ոչ միայն հատուկ օրենքներ, այլև գործող նորմեր՝ ազգային անվտանգության և հակապետական քարոզչության դեմ պայքարի մասին։

2024 թվականին հնդիկ լրագրողը Google-ի Gemini չատ-բոտին հարցրել է՝ արդյոք վարչապետ Նարենդրա Մոդիի քաղաքականությունը կարելի՞ է համարել ֆաշիստական։ Համակարգը պատասխանել է, որ որոշ փորձագետներ այդ կարծիքին են։ Հնդկաստանի իշխանությունները պահանջել էին «ոչ հուսալի» ԱԲ մոդելների թողարկումից առաջ ստանալ պաշտոնական թույլտվություն, թեև հետագայում չեղարկել էին այդ պահանջը։

Չինաստանում արհեստական բանականություն մշակողները պարտավոր են ապահովել մոդելների համապատասխանությունը «հիմնական սոցիալիստական արժեքներին»։ Թուրքիայում դատարանն արգելափակել է X սոցիալական ցանցում ներդրված Grok չատ-բոտի հրապարակումները, որոնք, իշխանությունների պնդմամբ, վիրավորել էին երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին և կրոնական արժեքները։ Վիետնամում 2025 թվականի դեկտեմբերին Գերմանիայում բնակվող երկու վիետնամցի ակտիվիստ դատապարտվել են 17 տարվա ազատազրկման՝ հակապետական նյութեր տարածելու համար, դրանց թվում՝ երկրի ղեկավարների ձայներն ու պատկերները կեղծելու նպատակով արհեստական բանականություն օգտագործելով։

Կարգավորումը տարածվում է նաև առանձին պետությունների սահմաններից դուրս։ 2024 թվականին ընդունված ԵՄ արհեստական բանականության մասին օրենքը նախատեսում է արհեստական բանականության ստեղծված բովանդակության մակնշում։ Anthropic ընկերությունը որոշել է համապատասխան նշումները կիրառել ամբողջ աշխարհում։ Դա, այսպես կոչված, «բրյուսելյան ազդեցության» օրինակ է, երբ եվրոպական նորմերն ազդում են ընկերությունների գործելակերպի վրա նաև ԵՄ սահմաններից դուրս։

2026 թվականի օգոստոսին Եվրահանձնաժողովը ChatGPT-ի վրա տարածեց Թվային ծառայությունների մասին օրենքի ամենախիստ պահանջները։ OpenAI-ը պետք է գնահատի և նվազեցնի համակարգային ռիսկերը, դրանց թվում՝ ընտրությունների ընթացքում ապատեղեկատվության տարածման հետ կապված։ 2025 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ նիդեռլանդական կարգավորող մարմինը ևս ստուգել էր չորս չատ-բոտ և պարզել, որ դրանց առաջարկությունները ընտրողներին բավարար չափով հավասարակշռված չէին արտացոլում քաղաքական դիրքորոշումները։

ԱՄՆ-ը ևս բախվում է արհեստական բանականության վրա քաղաքական ազդեցության ռիսկին։ 2025 թվականին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ դաշնային մարմինների կողմից գնվող մոդելները պետք է լինեն գաղափարապես չեզոք և նախապատվություն չտան այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են բազմազանությունը, հավասարությունը և ներառականությունը։ Դաշնային առևտրի հանձնաժողովը նախազգուշացրել է, որ այն ընկերությունները, որոնք աննկատ ուղղորդում են ԱԲ-ի պատասխանները որոշակի գաղափարական դիրքորոշումներին համապատասխան, կարող են խախտել սպառողների պաշտպանության մասին օրենսդրությունը։

Միևնույն ժամանակ ամերիկյան տասնյակ նահանգներ ընդունել են օրենքներ, որոնք սահմանափակում են ԱԲ-ի միջոցով ստեղծված քաղաքական դիպֆեյքերի տարածումը։ Սակայն դատարաններն արգելափակել են համապատասխան սահմանափակումները Կալիֆոռնիայում և Հավայան կղզիներում՝ համարելով, որ դրանք խախտում են Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատությունը։

Հետազոտության հեղինակներն ընտրողներին խորհուրդ են տալիս չատ-բոտերի պատասխաններն ընկալել միայն որպես հարցի հետագա ուսումնասիրության մեկնակետ։ Նրանց կարծիքով՝ իշխանությունները թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում կարող են փորձել ազդել ԱԲ-ի պատասխանների բովանդակության վրա, ուստի օգտատերերի համար կարևոր է պահպանել քննադատական մտածողությունը։