Մահացու հիվանդության բռնկումը վերապրած մակակներն ավելի զգույշ են դարձել այն սննդի նկատմամբ, որը աղտոտված էր թվում, նույնիսկ եթե իրենք չեն վարակվել։ Նման եզրակացության են հանգել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science հանդեսում և օգնում են հասկանալ, թե ինչպես է փորձն ազդում կենդանիների վարքի և վարակման հնարավոր աղբյուրների նկատմամբ զզվանքի ձևավորման վրա։
Հետազոտությունը սկսվել է 2020 թվականին Հարավային Թեքսասի պրիմատների ապաստարանում կապիկների երկրորդ տիպի ռետրովիրուսի բռնկումից հետո։ ՁԻԱՀ հիշեցնող իմունային անբավարարություն առաջացնող վիրուսը հիմնականում փոխանցվում էր կծելու և քերծվածքների միջոցով։ Որոշ մակակներ ծանր հիվանդացան և սատկեցին։ Դրանից հետո ապաստանի աշխատակիցներին պարտավորեցրել են առանձնացնել կենդանիների խմբերը և ուժեղացնել վերահսկման միջոցները։
Գիտնականներն օգտվել են այս իրավիճակից՝ համեմատելու համար բռնկումը վերապրած երեք խմբերի ճապոնական մակակների վարքը և այն խմբի կենդանիներինը, որոնց այն չէր դիպել։ Ընդհանուր առմամբ փորձին մասնակցել է 55 կապիկ։ Նրանց առաջարկում էին սնունդ, որը դրված էր կամ մաքուր փայտե մակերեսի, կամ աղտոտման տեսողական նշան ունեցող մակերեսի վրա՝ մակակների իրական արտաթորանքով, որը փակված էր թափանցիկ էպոքսիդային ծածկույթի տակ։ Դա հնարավորություն էր տալիս պահպանել աղտոտվածության տեսքը՝ բացառելով հոտն ու վարակման վտանգը։ Առանձին փորձարկումներում դրա փոխարեն օգտագործել են վառ խոհանոցային սպունգ՝ ստուգելու համար, թե արդյոք կենդանիները պարզապես խուսափում են անծանոթ առարկաներից։
Բռնկումը վերապրած խմբերի մակակները տեսողականորեն աղտոտված մակերեսից կերել են փորձերի միայն 47%-ում։ Համաճարակի հետ չբախված խմբի կենդանիների մոտ այդ ցուցանիշը կազմել է 79%։ Միևնույն ժամանակ այն կապիկների վարքը, որոնք տարել էին վարակը, գրեթե չէր տարբերվում առողջ մնացածների վարքից։
«Կարծես թե հիվանդության վերապրած բռնկումը մակակների այս խմբերին ավելի զգույշ է դարձրել այն սննդի նկատմամբ, որը աղտոտված է թվում»,- նշել է հետազոտությունը ղեկավարած Շտեֆան Կաուֆհոլդը։
Հատկանշական է, որ վիրուսը սննդի միջոցով չէր փոխանցվում, այլ տարածվում էր արյան և թքի միջոցով՝ կծելու և քերծվածքների ժամանակ։ Ընդմսին, հիվանդացած ցեղակիցներին դիտարկելը, ըստ երևույթին, փոխել է կապիկների վերաբերմունքը վարակման հնարավոր աղբյուրների նկատմամբ։
Գիտնականները միաժամանակ ուսումնասիրել են տարբեր կենսափորձ ունեցող յոթ տեսակների 54 մակակ։ Նախկին տնային կենդանիները, որոնք մեծացել էին մարդկանց միջավայրում, ավելի հաճախ էին ուտում աղտոտված սնունդ, քան ապաստարանում ծնված և մայրերի մեծացրած կենդանիները։ Հետազոտողները ենթադրում են, որ վաղ տարիքում այդ կապիկները կարող էին չյուրացնել իրենց տեսակին բնորոշ՝ վարակի հնարավոր աղբյուրներից խուսափելու եղանակները։
Արդյունքները լույս են սփռում այսպես կոչված վարքային իմունային համակարգի վրա՝ ռեակցիաների ամբողջության, որոնք օգնում են խուսափել վարակումից դեռևս մինչև օրգանիզմի կենսաբանական իմունային պաշտպանությունը կգործի։ Գիտնականները շեշտում են, որ փորձի ընթացքում անմիջականորեն զզվանքը չեն չափել, սակայն պարզել են, որ հնարավոր վտանգավոր սննդից խուսափելը կարող է փոխվել կենսափորձի ազդեցությամբ։
Հետազոտությունը թույլ չի տալիս ուղղակիորեն դատել, թե ինչպես են համաճարակները երկարաժամկետ հեռանկարում ազդում մարդկանց վրա։ Սակայն այն ցույց է տալիս, որ հիվանդության սպառնալիքը վերապրելը կարող է երկար ժամանակով փոխել պրիմատների վարքը, նույնիսկ եթե կենդանիները չգիտեն, թե վարակը կոնկրետ ինչպես է փոխանցվում:




























