Կանոնների խախտումը կարող է արագ տարածվել կոլեկտիվում, եթե մարդիկ սկսում են ոչ թե պարզապես ընդօրինակել ուրիշների վարքագիծը, այլ գերազանցել միմյանց նորմերի նկատմամբ անտեսում ցուցաբերելու մեջ։ Նման եզրակացության են հանգել Ամստերդամի համալսարանի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են, թե ինչպես է շրջապատողների վարքագիծն ազդում մարդկանց՝ կանոններ խախտելու հակվածության վրա։ Աշխատության արդյունքները հրապարակվել են Proceedings of the Royal Society B հանդեսում։

Փորձին մասնակցել են Միացյալ Նահանգների 750 բնակիչներ՝ մոտավորապես հավասար թվով հանրապետականներ և դեմոկրատներ։ Նրանց առաջարկվել է էկրանին որոշել ամենավառ հատվածը՝ դրամական պարգև ստանալու համար։ Ընդ որում՝ ճիշտ պատասխանից աջ գտնվող հատվածն ընտրելու դեպքում ավելի շատ էին վճարում, իսկ ձախ գտնվողն ընտրելու դեպքում՝ ավելի քիչ։ Այսպիսով, մասնակիցները կարող էին մեծացնել իրենց վաստակը՝ գիտակցաբար խախտելով կանոնները։

Սկզբնական ընտրությունից հետո նրանց ցույց էին տալիս մյուս մասնակիցների որոշումները, թույլ տրված խախտումների աստիճանը և այդ մարդկանց քաղաքական հայացքները։ Այնուհետև փորձարկվողները կարող էին վերանայել իրենց պատասխանը։ Գործընթացը կրկնվել է վեց անգամ։

Արդեն առաջին փուլում մասնակիցների 23%-ն ընտրում էր առավելագույն վճարումն ապահովող տարբերակը, նույնիսկ եթե այն չէր համապատասխանում կանոններին։ Ընդ որում՝ շրջապատողների վարքագիծը նկատելիորեն ազդում էր հետագա որոշումների վրա։ Կանոնների պահպանման օրինակները փոքր-ինչ նվազեցնում էին խախտումների հակվածությունը, իսկ նորմերից փոքր շեղումները, հակառակը, փոքր-ինչ ուժեղացնում էին այն։

Սակայն առավել արտահայտված ազդեցությունն առաջանում էր, երբ մասնակիցները բացահայտ խախտումներ էին դիտարկում։ Այդպիսի դեպքերում նրանք ոչ միայն սկսում էին ավելի հաճախ խախտել կանոնները, այլ երբեմն նույնիսկ ավելի հեռու էին գնում, քան այն մարդիկ, որոնց հետևում էին։ Ազդեցությունն ավելի ուժեղ էր, եթե մասնակիցները կիսում էին միմյանց քաղաքական հայացքները։

Հետազոտողները նաև համակարգչային սիմուլյացիաների միջոցով մոդելավորել են մեծ խմբի վարքագիծը։ Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մի փոքր խումբ, որը հետևողականորեն ուժեղացնում է խախտումները, կարող է ամբողջ կոլեկտիվին արագորեն դրդել դրան։

«Մարդկանց փոքրաթիվ խումբը, որը կրկին ու կրկին ավելի ուժեղ է խախտում կանոնները, կարող է հանգեցնել նրան, որ ամբողջ խումբը դուրս գա վերահսկողությունից»,- նշել է հետազոտության առաջին հեղինակ Լուկաս Մոլեմանը Ամստերդամի համալսարանից։

Միևնույն ժամանակ մասնակիցների մոտ մեկ երրորդը հետևողականորեն պահպանում էր կանոնները, թեև դա նրանց թույլ չէր տալիս ստանալ առավելագույն պարգևատրումը։

Սենթ Էնդրյուսի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ռայխերը, որը չի մասնակցել հետազոտությանը, մատնանշել է դրա սահմանափակումները․ փորձը վերացական էր, իսկ խախտումների համար պատիժ նախատեսված չէր։ Ուստի առայժմ հնարավոր չէ վստահորեն պնդել, որ իրական կյանքում մարդիկ ճիշտ նույն կերպ կվարվեն։

Ռայխերի կարծիքով՝ արդյունքները միաժամանակ ցույց են տալիս, որ ուրիշների վարքագիծը մեզ վրա չի ազդում ինքնաբերաբար․ շատ բան կախված է նրանից, թե կոնկրետ ով է խախտում կանոնները։ Օրինակ՝ մարդիկ, որոնք դիտում են անկարգություններ, պարտադիր չէ, որ միանան դրանց․ ոմանք, ընդհակառակը, դրանցից հետո օգնում են վերականգնել կարգուկանոնը։