Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը խաթարված պատկեր է ներկայացնում` ընթերցողի վրա անհիմն վատ տպավորություն թողնելու նպատակով:
Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը` այսօր` մայիսի 25-ին, Տիրանայում ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ, որտեղ քննարկվել է այդ զեկույցը:
«Ավելին, պատշաճ ընտրությունների վերաբերյալ յուրաքանչյուր անվիճելի ապացույց այնպես է ձեւակերպված, որ խեղաթյուրված տպավորություն է ստեղծում ընթերցողի մոտ»,-ասել է Դ. Հարությունյանը, հավելելով, որ սա անկեղծ զեկույց չէ: «Զեկույցն անկախ դիտարկումների արգասիք չէ, այլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հայտարարության փոփոխված տարբերակը, որտեղ դրականը կամ հանվել է, կամ չեզոքացվել, իսկ բացասականը` չափազանցվել եւ հուզականացվել է` «ֆիասկո», «քաոս» եւ այլ բառերի օգտագործմամբ»,-ասել է նա:
Դ. Հարությունյանը մի քանի համեմատություններ է անցկացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի եւ ԵԽԽՎ դիտորդական զեկույցների միջեւ, հիմնավորելու համար, որ երկրորդն ինքնուրույն զեկույց չէ:
Մասնավորապես, նա անդրադարձել է ԵԽԽՎ դիտորդական զեկույցի այն դրույթին, որտեղ նշվում է. «Ընտրական օրենսգիրքը սահմանափակում է ընտրողների ստորագրված ցուցակների մատչելիությունը ընտրության օրվանից հետո` գաղտնիության նկատառումներով: Այս դրույթի սահմանադրականությունը վիճարկվել է 28 պատգամավորների կողմից, սակայն Սահմանադրական դատարանն այն թողել է ուժի մեջ»:
«Կարդալով հիշատակված պարբերությունը, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կարող է ստեղծվել, որ Հայաստանում ինչ-որ արմատապես սխալ բան է տեղի ունեցել:
Իրականում, Ընտրական օրենսգիրքը բացարձակապես չի սահմանափակում դրանց մատչելությունն ու ստուգման հնարավորությունը, եւ միայն արգելում է ընտրողների այն ցուցակների լուսապատճենումն ու հրապարակումը, որտեղ առկա են ընտրողների ստորագրությունները: Նման սահմանափակումներն առաջարկվել են Վենետիկի հանձնաժողովի կողմից` որպես ընտրության գաղտնիության երաշխիք»,-ասել է հայկական պատվիրակության ղեկավարը:
Նրա խոսքով, զեկույցի շփոթության մեջ գցող հետեւություններից է այն, որտեղ որպես ձախողում է ներկայացվում ընտրողների վրա ճնշումները:
«Զեկույցում նշվում է. «Դիտորդների կարծիքով, ընտրողներին վախեցնելը, իշխող կոալիցիայի կողմից իրականցվող նպատակաուղղված եւ լավ կազմակերպված գործողությունների արդյունք էր»:
Այժմ եկեք համեմատենք ԺՀՄԻԳ-ի դիտորդների արտահայտած կարծիքի հետ: ԺՀՄԻԳ հայտարարության համաձայն` միջազգային դիտորդները զեկուցել են ընտրողներին վախեցնելու դեպքերի մասին դիտարկված ընտրատեղամասերի ընդամենը 2 %-ի դեպքում: Դիտարկված ընտրատեղամասերի թիվը եղել է 1000: Փաստացի, առկա 2000 ընտրատեղամասերից մոտ 20 ընտրատեղամասում վախեցնելու դեպք նկատվել է, եւ եթե դա անգամ օբյեկտիվ գնահատական է, ապա դա կարող է լինել մեկ առանձին դեպք յուրաքանչյուր 20 ընտրատեղամասում:
Ասելով «կազմակերպված գործողություն», զեկույցն ընդհանուր առմամբ անտեսում է կարեւոր փաստեր, ի տարբերություն ԺՀՄԻԳ-ի հայտարարության, որում մասնավորապես ասվում է. «Մրցակցությունը լարված էր բոլոր թեկնածուների միջեւ` ներառյալ կառավարության մաս կազմող ներկայիս գործընկերների»: Մնացած բոլոր դիտորդները համակարծիք են, որ կոալիցիայի բոլոր երեք կուսակցությունները հանդես են եկել լիովին ինքնուրույն եւ կոշտ մրցակցությամբ: Այս կերպ, իշխող կոալիցիոն կուսակցությունների կողմից համընդհանուր եւ կազմակերպված համատեղ գործողությունների վերաբերյալ յուրաքանչյուր մեղադրանք ուղղակի անիմաստ է»,-ընդգծել է Հարությունյանը:




























