Հնագետները Իտալիայի հյուսիս-արևելքում գտնվող հին հռոմեական Ալտինո քաղաքում հայտնաբերել են IV դարի եկեղեցու և դրան կից եպիսկոպոսական պալատի մնացորդներ։ Գտածոն հաստատել է Սուրբ Հերոնիմոսի՝ 396 թվականին գրված նամակում ներկայացված տեղեկությունները և օգնել վերականգնել Ալտինոյի բնակիչների վերաբնակեցման պատմությունը, որը դեր է ունեցել Վենետիկի ձևավորման մեջ, գրում է Popular Mechanics-ը։
Երկար ժամանակ հետազոտողները ենթադրում էին, որ Ալտինոյում գոյություն է ունեցել այն եկեղեցին, որը լատինական եկեղեցու հայր և Աստվածաշնչի լատիներեն պաշտոնական թարգմանության՝ «Վուլգատայի» հեղինակ, Սուրբ Գրքի մեկնաբանության և եկեղեցական մշակույթի զարգացման գործում մեծ դեր խաղացած Հերոնիմոսը նկարագրել էր քաղաքի առաջին եպիսկոպոս Հելիոդորոսին ուղղված նամակում։
Սակայն հնագիտական ապացույցներ գտնել չէր հաջողվում։ Նամակում սուրբը հիշատակում էր զոհասեղանը, պատերը, հատակները, վարագուրված դռնախորշերը և սրբազան անոթները, ինչպես նաև քահանա Նեպոցիանոսի հոգածությունը տաճարի նկատմամբ։
Հայտնաբերված շենքը համապատասխանում է այդ նկարագրությանը։ Դրա երկարությունը կազմել է մոտ 30, իսկ լայնությունը՝ գրեթե 20 մետր։ Եկեղեցին կողմնորոշված էր դեպի արևելք, իսկ դրա հատակագիծը տարբերվում էր հռոմեական քաղաքի ավանդական փողոցային ցանցից։ Աբսիդի բացակայությունը նույնպես համապատասխանում է ուշ անտիկ շրջանի հյուսիսային Ադրիատիկայի տաճարների ճարտարապետական առանձնահատկություններին։
Եկեղեցուց անմիջապես դեպի արևելք հնագետները գտել են եպիսկոպոսական պալատի հիմքը։ Ըստ մնացորդների՝ դա երկհարկանի շենք էր՝ ծածկված պատկերասրահով, ներքին պատերով և կից կառուցվածքներով։ Երկրորդ հարկում, հավանաբար, գտնվել են հոգևորականության համար նախատեսված սենյակներ, իսկ առաջին հարկում թաղել են հասարակության արտոնյալ խավերի ներկայացուցիչներին։
Ուշագրավ մանրամասներից մեկը շինարարության մեջ շրջված քարե սալերի օգտագործումն է, որոնցով նախկինում սալարկում էին հռոմեական ճանապարհները։ Հետազոտողների կարծիքով՝ դա վկայում է եպիսկոպոսի զգալի ազդեցության մասին․ հռոմեական օրենսդրությունը ճանապարհները պաշտպանում էր որպես հանրային ենթակառուցվածք, ուստի դրանց ծածկը շինարարության համար օգտագործելը կարող էր մատնանշել եկեղեցական իշխանության առանձնահատուկ դիրքը։
«Առաջին անգամ մենք կարող ենք վստահաբար ասել, թե որտեղ էին գտնվում Ալտինոյի եկեղեցին և եպիսկոպոսական պալատը»,- հայտարարել է պեղումների ղեկավար Դիեգո Կալաոնը Վենետիկի Կա-Ֆոսկարի համալսարանից։
Բացահայտումը միաժամանակ օգնում է հասկանալ, թե ինչպես էր աստիճանաբար փոխվում տարածաշրջանի կյանքի կենտրոնը։ Ալտինոն կարևոր հռոմեական քաղաք և նավահանգիստ էր, սակայն ժամանակի ընթացքում նրա նշանակությունը նվազեց, իսկ բնակչությունն ու եկեղեցական հաստատությունները տեղափոխվում էին Վենետիկյան ծովածոցի Տորչելլո կղզի։ Տեղական եկեղեցում եղած արձանագրությունը այն թվագրում է 639 թվականով։ Ավելի ուշ տարածաշրջանի զարգացման մեջ կարևոր դեր խաղաց Ռիալտոն, որը դարձավ ապագա Վենետիկի միջուկը։
Հնագետների կարծիքով՝ այդ գործընթացն Ալտինոյից բնակիչների հանկարծակի փախուստ չէր, այլ աստիճանական և կազմակերպված անցում, որն ուղեկցվում էր տնտեսական և քաղաքական փոփոխություններով։ Լքված շենքերի քարերն ու աղյուսները ապամոնտաժում էին և օգտագործում Տորչելլոյում ու Վենետիկում շինարարության համար։ Հավանաբար բուն նյութերի երկրորդային օգտագործումն էլ հանգեցրել է եկեղեցու և եպիսկոպոսական պալատի անհետացմանը։
Պեղումները շարունակվում են։ Հետազոտողները հույս ունեն հայտնաբերել տաճարային համալիրի նոր հատվածներ, դրանց թվում՝ մկրտարան, և ավելի մանրամասն ուսումնասիրել Ալտինոյի վաղ եպիսկոպոսների դերը Իտալիայի հյուսիս-արևելքում քրիստոնեության պատմության մեջ։





























