Ադրբեջանի պաշտոնյաները երբեմն հանդես են գալիս այնպիսի ձևակերպումներով, որոնք չեն նպաստում խաղաղությանը։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նախարարի խոսքով՝ խաղաղության հարցում ադրբեջանական կողմի մոտեցումը միշտ չէ, որ նույնական է. երբեմն նկատվում է հոգատար վերաբերմունք, իսկ երբեմն՝ լրիվ հակառակը։

«Այո՛, երբեմն, այդ թվում՝ պաշտոնատար անձանց շուրթերից, մենք լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը։ Ո՞վ կարող է դա հերքել։ Եթե նույնիսկ մի կողմ դնենք մեր իրավիճակն ու հույզերը, խաղաղության գործընթացը մշտական հոգատարություն է պահանջում»,— ասել է Միրզոյանը։

Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ իրավիճակը չի ներկայացնում բացառապես դրական լույսի ներքո և գիտակցում է առկա խնդիրները։

Միևնույն ժամանակ նա հարցադրում է արել. արդյո՞ք նման պայմաններում Հայաստանը պետք է շարունակի հարաբերությունների կարգավորման աշխատանքը, թե՞ հրաժարվի այս ուղղությամբ արդեն ձեռք բերված արդյունքներից։

Նախարարի գնահատմամբ՝ հակամարտությունից հետո հնարավոր չէ բոլոր հարցերը միաժամանակ լուծել։ Ի վերջո, բացի իրավական և պայմանագրային կողմից, անհրաժեշտ է նաև հասարակությունների հաշտեցում, ինչի համար ժամանակ է պետք։

Անդրադառնալով խաղաղության տնտեսական հիմքերին՝ Միրզոյանն ընդգծել է, որ դրա պահպանմանը պետք է նպաստի փոխադարձ շահագրգռվածությունը։

«Կարծում եմ՝ փոխադարձ օգուտն ամեն ինչում հաջողության գրավականն է, այդ թվում՝ խաղաղության գրավականը։ Մենք ունենք մեր հետաքրքրությունը, Ադրբեջանն էլ ունի իր շահը։ Ավելին՝ սրանում շահագրգռված են նաև բազմաթիվ այլ երկրներ»,— նշել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը։