Հոկտեմբերի 20-ին COP17-ի շրջանակում անցկացված միջոցառումներին ԱրմՍվիսԲանկի Տնօրինության անդամ, Գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը հանդես է եկել ելույթով և մասնակցել պանելային քննարկման՝ ներկայացնելով Բանկի կանաչ ու կայուն ֆինանսավորման փորձն ու մոտեցումները։

Ներկայացվել են վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, շրջանաձև տնտեսության և էկոտուրիզմի ոլորտներում Բանկի աջակցությամբ իրականացված նախագծերը։ Կարևորվել է դրանց դերը բիզնեսի ծախսերի նվազեցման, մրցունակության բարձրացման և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման գործում։

Պանելային քննարկման ընթացքում Արա Մակարյանն անդրադարձել է հաճախորդների պահանջարկին, նախագծերի գնահատմանն ու ֆինանսավորման պայմաններին, ինչպես նաև բնապահպանական արդյունքների չափմանը։ Ընդգծվել է ծրագրերի ազդեցությունը համապարփակ գնահատելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով արտանետումները, ջրօգտագործումը, թափոնների կառավարումը և տեղական էկոհամակարգերի վրա ազդեցությունը։

Ներկայացվել են նաև Բանկի բնապահպանական հաշվետվողականության փորձը և Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում նախապատրաստվող՝ էներգիայի կուտակման մարտկոցային համակարգերի ֆինանսավորման ծրագիրը։

Քննարկման առանցքային ուղերձն էր՝ տեխնիկական աջակցությունը, նախագծերի պատշաճ նախապատրաստումն ու համապատասխան ֆինանսավորումը համադրելով՝ հնարավոր է ավելի շատ բիզնես գաղափարներ վերածել կենսունակ ներդրումների՝ չափելի բնապահպանական արդյունքներով։