ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը տեղյակ չէ, որ ադրբեջանցի հովիվ է անցել հայկական կողմ։ Այս մասին նա հայտարարել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, որ Միրզոյանն առավոտից Ազգային ժողովում ներկայացնում է TRIPP նախագիծը։

Հովվի՝ սահմանն անցնելու մասին լուրը տարածել էին լրատվամիջոցները, սակայն այն դեռևս պաշտոնապես չի հաստատվել։

Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպին։ Ըստ պաշտոնական վարկածի՝ վերջինս փախել էր զորամասից, մոլորվել ու հայտնվել Հայաստանի տարածքում, ապա Շաքի գյուղում ներխուժել էր բնակելի տուն, սպառնացել երեխաներին և ծանր մարմնական վնասվածքներ հասցրել նրանց մորը։ Նախարարն ընդգծել է, որ եթե մոլորվածների դեպքում կարելի է խոսել հայրենիք վերադարձնելու մասին, ապա այս պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ «Տեղի է ունեցել հանցագործություն, ինչն ամբողջությամբ փոխում է պատկերը»,— նշել է նախարարը՝ հավելելով, որ պետք է պահպանվեն Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված բոլոր ընթացակարգերը։