ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մեկնաբանել է Հայաստանի հնարավոր վերադարձի վերաբերյալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հայտարարությունը։
«Չեմ պատկերացնում, թե ինչպես Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ», — լրագրողների հետ զրույցում կարճ նշել է նախարարը։
Ավելի վաղ կազմակերպության գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ չնայած դրա գործունեությանը մասնակցության սառեցմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ներկայացուցիչները 2023 թվականից չեն մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերին։ Ինչպես նշել էր գլխավոր քարտուղարը, հայկական կողմն արդեն գրեթե երեք տարի չի վճարում անդամավճարները կառույցի բյուջե և չի համալրում քվոտավորված պաշտոնները ՀԱՊԿ քարտուղարությունում ու Միացյալ շտաբում։ Գլխավոր քարտուղարը նաև հայտնել էր, որ 2024 թվականին կազմակերպությունը փորձել է հանդիպում կազմակերպել հայկական կողմի հետ՝ այս հարցերը քննարկելու համար, սակայն պատասխան է ստացել բանակցություններին անպատրաստ լինելու մասին։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա մասնակցության մասին որոշումը կախված է երկրի ղեկավարության դիրքորոշումից։ Նա հույս էր հայտնել, որ հայկական կողմը կվերանայի իր մոտեցումը՝ հաշվի առնելով փոփոխվող միջազգային իրադրությունը։





























