TRIPP-ով զենքի և զինամթերքի փոխադրում չի իրականացվելու։ Այս մասին հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում՝ պատգամավորների հարցերին պատասխանելիս հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։ Նիստում քննարկվում էր ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) նախագծով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։

Նրա խոսքով՝ կա բեռների ցանկ, որոնք չեն կարողանա տարանցվել TRIPP-ով։

«Այդ ցուցակները շատ երկրներում արդեն հայտնի են։ Ադրբեջանի հետ ևս փոխըմբռնում ունենք այն մասին, որ արգելված իրեր, օրինակ՝ զենք կամ զինամթերք, վտանգավոր քիմիական բեռներ և այլն, տեղափոխել պարզապես չի կարելի»,— նշել է Միրզոյանը։

Միևնույն ժամանակ, ապրանքների որոշ խմբերի դեպքում թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ կլինի դիմել նախապես։