Պենտագոնը ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությանը թույլ է տվել փորձարկել ուղղորդված՝ «ջերմային ճառագայթ» անվանումով հայտնի էներգիայի զենքը երկրի հարավային սահմանին հնարավոր կիրառման համար, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի ծառայողական գրությանը, որը ստորագրվել է անցյալ ամիս։
Active Denial System (ADS) համակարգն էլեկտրամագնիսական ալիքների անտեսանելի փունջ է արձակում, որը կարող է հասնել թիրախներին ավելի քան 800 մ հեռավորության վրա։ Մաշկին դիպչելու դեպքում այն ուժեղ այրոց է առաջացնում։ Ամերիկյան զինվորականների տվյալներով՝ այդ զգացողությունը համեմատելի է շիկացած ջեռոցի բաց դռնակից եկող տապի հետ և սովորաբար անցնում է 10–15 րոպեում։ Միևնույն ժամանակ, այդ ազդեցությունը մարդու մոտ ճառագայթման աղբյուրից հեռանալու ուժեղ, գրեթե անհաղթահարելի ցանկություն է առաջացնում։
Ըստ փաստաթղթի՝ Պենտագոնը սեպտեմբերից սկսած յոթ ամսով ժամանակավորապես Ներքին անվտանգության նախարարությանը նման մեկ համակարգ կհանձնի։ Զինվորականները չեն կառավարի զենքը. գերատեսչությունն ինքնուրույն կսահմանի դրա կիրառման եղանակները և համապատասխան տակտիկական ընթացակարգեր կմշակի։ Փորձարկումների արդյունքներով այն կկարողանա համակարգի օգտագործման ժամկետի երկարաձգում խնդրել։
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին ջերմային ճառագայթի կիրառման հնարավորությունը քննարկվել էր նաև նախկինում, այդ թվում՝ սահմանը զանգվածաբար ապօրինի հատելու վայրերում ներգաղթյալների կուտակումները ցրելու համար։ 2018 թվականին այդ գաղափարը մերժել էր այն ժամանակվա ներքին անվտանգության նախարար Քիրսթյեն Նիլսենը։ Ըստ գերատեսչության նախկին աշխատակցի՝ առարկություններից մեկն այն էր, որ ներգաղթյալների և քաղաքացիների նկատմամբ որպես մարտական գործողությունների հակառակորդների՝ վերաբերմունքն անթույլատրելի էր համարվում։
Համակարգի կիրառման դեմ էին արտահայտվում նաև հնարավոր իրավական հետևանքների, առողջական ռիսկերի և անուղղակի վնաս պատճառելու վտանգի պատճառով։ Օրինակ, եթե ազդեցությունը մարդուն ստիպի դուրս գալ ջրից կամ նահանջել դեպի գետ, նա կարող է խեղդվել։ Լրացուցիչ հարցեր են առաջանում, եթե զենքը կիրառվի Մեքսիկայի տարածքում գտնվող մարդկանց դեմ, որոնք դեռ չեն հատել ԱՄՆ սահմանը։
Ամերիկյան զինվորականները ADS-ը փորձարկել էին Աֆղանստանում գրեթե երկու տասնամյակ առաջ, սակայն մարտական գործողություններում այն չէին կիրառել։ Համակարգը միաժամանակ դիտարկվել էր արտասահմանում տեղկայված ԱՄՆ հաստատություններում ամբոխ ցրելու համար, սակայն այդ գաղափարից հրաժարվել էին։ ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը CNN-ին հայտնել է, որ շարունակում է գնահատել նոր տեխնոլոգիաները՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։





























