Ամերիկյան Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը Եվրոպային կոչ է արել արագացնել արհեստական բանականության համար տվյալների մշակման կենտրոնների ենթակառուցվածքի զարգացումը, հայտնում է DW-ն։

Չորեքշաբթի Բեռլինում մշակողների և ներդրողների համար անցկացված համաժողովում նա ներկայացրել է հաշվարկային հզորությունների մոդուլային համակարգ, որը հնարավորություն կտա տվյալների կենտրոններ կառուցել մի քանի օրվա ընթացքում։

«Արհեստական բանականության տնտեսությունը Եվրոպայում դեռ նոր է ձևավորվում, բայց արդեն արագանում է, և դա հրաշալի է»,- հայտարարել է Հուանգը։

Nvidia-ի նոր մշակումը պատրաստի հաշվարկային մոդուլ է՝ տրանսպորտային բեռնարկղի չափերով։ Ըստ ընկերության ղեկավարի՝ նման մոտեցումը կփոխի արհեստական բանականության համար տվյալների մշակման կենտրոնների կառուցման եղանակները և հնարավորություն կտա զգալիորեն կրճատել դրանց ստեղծման ժամկետները։

Հուանգը նշել է, որ Եվրոպան նկատելիորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից՝ արհեստական բանականության համար հաշվարկային ենթակառուցվածքի զարգացման հարցում։ Նրա ներկայացրած տվյալներով՝ Եվրոպային բաժին է ընկնում ԱԲ-ի համար համաշխարհային հաշվարկային հզորությունների մոտ 5%-ը, մինչդեռ ԱՄՆ-ին՝ մոտ 75%-ը։ Նման ռեսուրսների պակասը դժվարացնում է արհեստական բանականության մոդելների ուսուցումը և զսպում եվրոպացի մշակողների զարգացումը։

Վերջին մեկ տարում Nvidia-ն 10 միլիարդ դոլար է ներդրել եվրոպական ստարտափներում և տեխնոլոգիական գործընկերների մեջ, հայտնել է ընկերության ղեկավարը։ Նա տարածաշրջանին կոչ է արել ոչ միայն օգտագործել արհեստական բանականությունը, այլև զարգացնել սեփական տեխնոլոգիաներն ու ենթակառուցվածքը։