Հայաստանում տեղադրված հակակարկտային կայաններն արդյունավետ չեն գործում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Մեր հակակարկտային կայանները կառուցված են արգենտինյան մոդելով: Վերջերս մեկը հայտարարեց, որ քանի որ ացետիլենը անվտանգ չէ (պայթյունավտանգ է), այն փոխարինել ենք բութանով: Տեսեք` մարազմը որտեղ է հասել, բութանն ավելի պայթյունավտանգ է: Եթե մեքենան նախատեսված է բենզինով աշխատելու համար, չպետք է դիզվառելիք լցնել: Դեպք է եղել, որ կարկուտը հենց հակակարկտային մեքենային է խփել»,- ասաց Հ. Բերբերյանը:
Մեկ այլ խնդիր էլ կապված է կայաններն աշխատեցնող մասնագետների հետ: Երիտասարդ կադրերը դեռ 5 տարի առաջ գործուղվել են Արգենտինա` սովորելու, բացի այդ` Արգենտինայից մասնագետներ են եկել այստեղ: Սակայն ներկայում զգացվում է մասնագետների խիստ պակաս: Ըստ Հ. Բերբերյանի` նորից պետք է վերսկսել մասնագետների վերապատրաստումը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի Վերահսկիչ պալատը չարաշահումներ է հայտնաբերել հակակարկտային կայանների տեղակայման ծրագրում: Ի պատասխան` հակակարկտային կայաններ արտադրող «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Գեւորգ Գրիգորյանը NEWS.am-ին ասաց, որ իրենց արտադրած հակակարկտային կայաններն աշխատում են 100% արդյունավետությամբ:




























