Հակակարկտային կայանների արտադրությամբ զբաղվող «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերությունը դատական կարգով վիճարկելու է ՀՀ Վերահսկիչ պալատի գործողություններըը` Հայաստանում հակակարկտային կայաների տեղադրման ծրագրերի վերահսկողության հետ կապված: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ընկերության տնօրեն Գեւորգ Գրիգորյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ Վերահսկիչ պալատը հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքներում հատնաբերել է 15,5 մլն դրամ հավելագրում: Բացի այդ` «Պոստ Լեքս Քոնսալթինգի» կայանները կրկնակի թանկ են ֆրանսիական կայանների համեմատ, սակայն 8 անգամ ավելի փոքր տարածք են պաշտպանում: Բացի այդ` այդ կայանների հիմնական տեխնիկական բնութագրերը որոշված չեն:
Ըստ Գ. Գրիգորյանի`իր ղեկավարած կազմակերպությունն արդեն 4 տարի է` պետական ծրագրերով մատակարարում եւ տեղադրում է ռադիոմոդելային համակարգով գազագեներատորային հակակարկտային կայաններ: Մինչ այսօր որեւէ դժգոհություն չեն ստացել ոչ այդ կայանները շահագործող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ոչ էլ այն համայնքներից, որտեղ այդ կայանները տեղակայվում են: «Չորս տարվա ընթացքում համարյա 100 տոկոս արդյունավետություն են ցուցաբերել, այնինչ մենք տալիս ենք 75-80 տոկոս արդյունավետության երաշխիք: Աշխարհում գոյություն չունեն 100 % արդյունավետությամբ հակակարկտային կայաններ»,- ասաց Գ. Գրիգորյանը:
Նրա խոսքով` ներկայում Հայաստանում առկա են մթնոլորտն ուսումնասիրող 2 լոկատոր, նախկին 12-ի համեմատ: Այդ լոկատորները տեղակայված են Աշտարակում եւ Լոռու Դսեղ գյուղում: Աշտարակի լոկատորը ծածկում է Արարատյան դաշտը, Արագածոտնի մարզը: Շիրակի, Գեղարքունիքի, հարավային մարզերը լոկատորի ծածկույթից դուրս են: Այդ մարզերում տեղակայվող հակակարկտային կայանները կառավարվում են բջջային հեռախոսների միջոցով` համայնքապետերը «աչքաչափով» գնահատում են ամպի կարկտաբերությունը եւ բջջային հեռախոսով գործի դնում կայանը:
«Պոստ Լեքս Քոնսալթինգի» մատակարարծ գազագեներատորային կայանները աշխատում են պրոպան-բութան գազով, եւ ըստ Գ. Գրիգորյանի` բնապահպանական ռիսկեր չեն ստեղծում, ինչը առկա է ացետիլենով աշխատող կայաններում (քայքայում է օզոնային շերտն ու կարող է առաջացնել թթվային անձրեւներ):



























