Հյուսիսային Կորեան մերժել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) բանաձևը, որն ընդունվել էր իր միջուկային ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այդ փաստաթուղթը չի ազդում երկրի՝ որպես միջուկային պետության կարգավիճակի վրա։ Այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական կոմիտեի աշխատակից Կիմ Յո Չժոնը։ Նրա հայտարարությունը տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։

Կիմ Յո Չժոնի խոսքով՝ բանաձևն ընդունվել է սեպտեմբերի 17-ին՝ ԱԷՄԳ 70-րդ Գլխավոր համաժողովում։ Նա փաստաթուղթն անվանել է անիմաստ և հայտարարել, որ նմանատիպ բանաձևեր ամեն տարի ընդունվում են ԱՄՆ և արևմտյան երկրների նախաձեռնությամբ։ Կիմ Յո Չժոնն ընդգծել է, որ դրանք չեն կարող փոխել Հյուսիսային Կորեայի՝ որպես միջուկային զենք ունեցող պետության կարգավիճակը։

Հյուսիսկորեական կողմը նաև հայտարարել է, որ Փհենյանը շատ տարիներ առաջ դուրս է եկել ԱԷՄԳ-ից և Միջուկային զենքի չտարածման պայմանագրից։ Այս հիմքով Կիմ Յո Չժոնը պնդում է, որ գործակալությունը լիազորություն չունի վերահսկելու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։ Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ն շարունակում է դիտարկել հյուսիսկորեական միջուկային գործունեությունն իր որոշումների և մանդատի շրջանակում։

Կիմ Յո Չժոնը գործակալությանը մեղադրել է երկակի չափանիշների և կողմնակալության մեջ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն բավարար չափով հաշվի չի առնում Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքը, Հարավային Կորեայի և Ճապոնիայի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ «ընդլայնված զսպման» ոլորտում, ինչպես նաև ատոմային սուզանավ ստեղծելու Սեուլի ծրագրերը։

ԱԷՄԳ-ն, իր հերթին, շարունակում է արձանագրել Հյուսիսային Կորեայի միջուկային ենթակառուցվածքի զարգացումը։ Գործակալության տեսուչները 2009 թվականից ի վեր մուտք չունեն հյուսիսկորեական միջուկային օբյեկտներ, ուստի իրավիճակի գնահատումը կատարվում է, մասնավորապես, արբանյակային լուսանկարների հիման վրա։ Գործակալությունը հայտնել էր ուրանի հարստացման հզորությունների ընդլայնման նշանների և Յոնբյոնի ու Կանսոնի օբյեկտներում ակտիվության մասին։