ԱՄՆ-ն դաշնակիցներին զգուշացրել է, որ սպառազինության որոշ առանցքային տեսակների մատակարարումները կարող են ուշանալ ընդհուպ մինչև հինգ տարով, քանի որ ամերիկյան զինված ուժերը փորձում են համալրել Իրանի դեմ պատերազմի ընթացքում սպառված զինամթերքի պաշարները, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Եվրոպական մի շարք երկրներ արդեն իսկ ակնկալում են հրթիռների, ինչպես նաև ՀՕՊ և ՀՀՊ համակարգերի մատակարարման ժամկետների հետաձգում։

Պաշտոնյաների խոսքով՝ պատճառը հակամարտության ընթացքում սպառազինության ինտենսիվ կիրառումից հետո ամերիկյան բանակի սեփական պաշարների սահմանափակումներն են։

Մատակարարումների ձգձգումը սպառնում է խաթարել եվրոպական երկրների պաշտպանական առանցքային այն ծրագրերը, որոնք ակնկալում էին ամերիկյան հրթիռներն ու ՀՕՊ համակարգերն ստանալ սահմանված ժամկետներում։ Վաշինգտոնն այժմ երկընտրանքի առջև է․ ստիպված է միաժամանակ թե՛ հավատարիմ մնալ դաշնակիցներին տված խոստումներին, թե՛ վերականգնել սեփական զինանոցը։

Հնարավոր ձգձգումների մասին նախազգուշացումն ուրվագծում է Իրանի հետ պատերազմից հետո ամերիկյան ռազմարդյունաբերության վրա դրված ծանրությունը։ Պաշարների համալրումը կարող է տարիներ տևել, մինչև արտադրության ծավալները բավարարեն թե՛ ԱՄՆ ներքին կարիքները, թե՛ օտարերկրյա գործընկերների նախկին պատվերները։