Բեռլինի Կրոյցբերգ շրջանի ծերանոցում հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս 25-ը՝ տուժել, հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը, փոխանցել է Welt-ը։

Տուժածներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Հաստատության բոլոր բնակիչներն արդեն տարհանվել են շենքից, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Հրդեհը հաջողվել է վերցնել վերահսկողության տակ։ Դեպքի վայրում ընդհանուր առմամբ աշխատել են արտակարգ ծառայությունների շուրջ 160 աշխատակիցներ։

Հրդեհը բռնկվել է Վալդեմարշտրասե փողոցում գտնվող հաստատության հիվանդասենյակներից մեկում։ Նախնական տվյալներով՝ կրակ ամբողջությամբ պատել է սենյակը, ինչից հետո շենքում ուժեղ ծուխ է առաջացել։

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է։ Հրշեջ ծառայությունը դեպքի վայրում հայտարարել է տուժածների զանգվածային ընդունման ռեժիմ։