Շվեյցարիայի կառավարությունը հաստատել է 2026 թվականի Անվտանգության ռազմավարությունը, որը հաշվի է առնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հետևանքները, հիբրիդային սպառնալիքների և կրիտիկական կախվածությունների աճը, հաղորդվել է երկրի կառավարության կայքում։
Փաստաթուղթը նախատեսում է երեք հիմնական ուղղություն՝ պետության, տնտեսության և հասարակության դիմակայունության բարձրացում, պաշտպանության և սպառնալիքներին դիմակայելու կարողության ուժեղացում, ինչպես նաև երկրի պաշտպանունակության զարգացում։
Նոր ռազմավարությունը ելնում է նրանից, որ միջազգային իրավիճակը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի։ Մեծ տերությունների միջև մրցակցությունն ուժեղանում է, զինված հակամարտությունների թիվն աճում է, միջազգային կարգը ճնշման տակ է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտը դեռևս չի երևումէ։
Փաստաթղթում նաև նշվում է հիբրիդային սպառնալիքների աճը, ներառյալ կիբեռհարձակումներն ու ազդեցության փորձերը։ Տնտեսության և ենթակառուցվածքի բարձր փոխկապակցվածությունը մեծացնում է կրիտիկական կարևորություն ունեցող օբյեկտների խոցելիությունը։ Այլ սպառնալիքների շարքում իշխանություններն առանձնացնում են կազմակերպված հանցավորությունը, բնական աղետներն ու համավարակները։
Ռազմավարությունը նախատեսում է տասը նպատակ և 46 կոնկրետ միջոցառում։ Առաջնահերթությունների թվում են՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելը, հեռահար հարձակումներից պաշտպանությունը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։ Միևնույն ժամանակ, կառավարությունը մտադիր է կիրառել համալիր մոտեցում, որը համադրում է քաղաքացիական և ռազմական գործիքները։
Ռազմավարության իրականացման համար նախատեսվում է դաշնային և կանտոնալ իշխանությունների, մունիցիպալիտետների, բիզնեսի, գիտական համայնքի և այլ կազմակերպությունների սերտ փոխգործակցություն։ Աշխատանքների համակարգմամբ զբաղվում է Դաշնային պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, սպորտի դեպարտամենտին և այլ ստորաբաժանումներին կից Անվտանգության քաղաքականության հարցերով պետական քարտուղարությունը (SEPOS)։
Ռազմավարության նախագծի վերաբերյալ խորհրդակցություններն անցկացվել են 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի մարտի վերջ։ Կառավարության տվյալներով՝ կանտոնները, քաղաքական կուսակցությունները, ասոցիացիաները և այլ կազմակերպություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատել փաստաթուղթը, մասնավորապես՝ իրավիճակի վերլուծությունն ու ընտրված ռազմավարական ուղղությունները։
Միջոցառումների իրականացումն արդեն սկսվել է։ Կառավարությունը մտադիր է դրանց կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնել մինչև 2028 թվականի վերջը։





























