Արբանյակային լուսանկարների վերլուծությունը վկայում է, որ Իրանը լայնածավալ շինարարական աշխատանքներ է իրականացնում իր առնվազն երկու խոշոր հրթիռային օբյեկտների մերձակայքում, ինչպես նաև վերականգնում է ԱՄՆ-ի և Իսրայելի՝ ամիսներ շարունակ իրականացրած օդային հարվածներից վնասված ռազմաբազաները։
Նոյեմբերին արված արբանյակային լուսանկարներում հողային աշխատանքների հետքեր և նոր շենքեր են երևում Իրանի մայրաքաղաք Թեհրանից ոչ հեռու՝ Քարաջ քաղաքում տեղակայված Գարմդարե ռազմաբազայում, ինչպես նաև երկրի հյուսիսում տեղակայված Շահրուդ բազայում։ Դրա մասին BBC-ի տեղեկությունների ստուգման բաժնին՝ BBC Verify-ին, հայտնել են բրիտանական MAIAR հետախուզական ընկերության վերլուծաբանները, որոնք ուսումնասիրել են լուսանկարները։
Վերականգնողական աշխատանքների նշաններ են նկատվում ևս առնվազն 12 ռազմական օբյեկտներում, դրանց թվում՝ հրթիռային համալիրներում և ավիաբազաներում։ Իրանի արևմուտքում՝ Իրաքի սահմանից ոչ հեռու գտնվող Քերմանշահ հրթիռային բազայում, ավերված շենքերի տեղում նոր տանիքներ են հայտնվել։ Թեհրանից արևելք տեղակայված Փարչին ռազմական համալիրի տարածքում մաքրվել են փլատակները և հեռացվել վնասված կառույցները։ Այդ օբյեկտը բազմիցս վերականգնվել է մի շարք օդային հարվածներից հետո։
Իրանի հարցերով մասնագիտացած ԿՀՎ նախկին վերլուծաբան Ջիմ Լեմսոնի գնահատմամբ՝ Շահրուդի մերձակայքում հողային աշխատանքները կարող են կապված լինել հրթիռների արտադրության հետ։ Նրա կարծիքով՝ քանի որ մոտակայքում գտնվող Շահրուդ ավիաբազան վերջին տարիներին բազմիցս ենթարկվել է հարվածների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավանաբար, ուղիներ է փնտրում իր արտադրական հզորությունները ստորգետնյա տարածքներ տեղափոխելու համար։




























