Լեգենդար ինժեներ և ֆիզիկոս Նիկոլա Տեսլան 1926 թվականին տված իր հարցազրույցում կանխատեսել էր սմարթֆոնների ի հայտ գալը։ Նա կանխատեսում էր «ակնթարթային հաղորդակցության հնարավորությունը՝ ժիլետի գրպանում տեղավորվող պարզ սարքի միջոցով»։

Collier’s հանդեսին տված իր հարցազրույցում Տեսլան նկարագրել էր մարդկության ապագայի լայնածավալ պատկերը։

«Երբ անլար տեխնոլոգիաները կատարելության հասցվեն, ամբողջ Երկիրը կվերածվի հսկայական ուղեղի, ինչն, ըստ էության, այն արդեն իսկ այդպես է… Մենք կկարողանանք ակնթարթորեն հաղորդակցվել միմյանց հետ՝ անկախ հեռավորություններից։ Ավելին, հեռուստատեսության և հեռախոսակապի շնորհիվ մենք միմյանց կտեսնենք ու կլսենք նույնքան հստակ, որքան դեմ առ դեմ գտնվելու դեպքում, նույնիսկ եթե մեզ հազարավոր մղոններ բաժանեն։ Ընդ որում, սարքերը, որոնք մեզ հնարավորություն կտան դա անել, ներկայիս հեռախոսների համեմատ զարմանալիորեն պարզ կլինեն. մարդը կկարողանա նման սարք կրել իր ժիլետի գրպանում»,- հայտարարել էր Տեսլան։

Թեև ժամանակակից սմարթֆոններն իրենց բարդությամբ զգալիորեն գերազանցում են այն ժամանակվա հեռախոսներին, մնացած ամեն ինչում Տեսլայի նկարագրած պատկերը գրեթե ամբողջությամբ համընկնում է մոտ հարյուր տարի անց ձևավորված իրականության հետ։ Անլար տեխնոլոգիաների ապագայի վերաբերյալ Տեսլայի պատկերացումների մյուս կողմերը ևս, ըստ երևույթին, կանխագուշակում են ժամանակակից մշակումները, օրինակ՝ 3D տպագրությունը, թեև նրա նկարագրած տարբերակը մինչ օրս մնում է գիտական ֆանտաստիկայի տիրույթում:

«Անլար տեխնոլոգիաները կապահովեն ավելի սերտ կապ՝ տեղեկությունների փոխանցման, մեր մարմինների ու նյութական առարկաների տեղափոխման, ինչպես նաև էներգիայի փոխանցման միջոցով»,- ասում էր գյուտարարը, գրում է «Фокус»-ը։ Սակայն Տեսլայի հայեցակարգն ուներ իր սահմանափակումները, որոնք բխում էին հենց նրա տեխնոլոգիական լավատեսությունից։ Նա համոզված էր, որ ցանկացած խնդրի համար վաղ թե ուշ տեխնոլոգիական լուծում կգտնվի։

«Այն դժբախտությունների մեծ մասը, որոնցից տառապում է մարդկությունը, պայմանավորված է երկրագնդի հսկայական չափերով և առանձին մարդկանց ու ամբողջ ժողովուրդների՝ միմյանց հետ սերտ կապ հաստատելու անկարողությամբ»,- պնդում էր Տեսլան։

Տեսլան կարծում էր, որ անլար տեխնոլոգիաները կօգնեն վերջ դնել պատերազմներին, աղքատությանը, հիվանդություններին, շրջակա միջավայրի աղտոտմանն ու համընդհանուր դժգոհությանը։ Նա պատկերացնում էր մի ապագա, որտեղ մենք կկարողանանք «տեսնել և լսել տեղի ունեցող իրադարձությունները՝ լինի դա նախագահի երդմնակալության արարողություն, աշխարհի առաջնության վճռորոշ խաղ, ավերիչ երկրաշարժ, թե ճակատամարտի սարսափներ, այնպես, կարծես ինքներս ենք դեպքի վայրում»։ Նա հավատում էր, որ երբ ակնթարթային կապի շնորհիվ պետական սահմանները «գրեթե ջնջվեն», «հսկայական քայլ կարվի դեպի մոլորակը բնակեցնող տարբեր ժողովուրդների միավորումն ու ներդաշնակ համակեցությունը»։