Եվրոպայում երկուշաբթի օրվանից հաղորդումներ են ստացվում ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին․ դրանք առնչվել են տասնյակ չվերթների, որոշ ինքնաթիռներ ստիպված են եղել փոխել երթուղին, մի քանի երկրներ օդ են բարձրացրել ռազմական կործանիչներ, հայտնում է BBC-ն։ Շաբաթվա վերջին դրանց ավելացել են լրատվական կորպորացիաների գրասենյակներում ռումբերի տեղադրման մասին հաղորդումները։
Նոյեմբերի 6-ին ինքնաթիռներում ռումբերի առկայության մասին հաղորդումներ են ստացվել Ryanair, Wizz Air, KLM և այլ ավիաընկերությունների՝ Եվրոպայի տարբեր քաղաքներ թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ։ Ինչպես նախորդ օրերին, վայրէջքից հետո մասնագետները զննում են ինքնաթիռները, և առայժմ դրանցից ոչ մեկում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել։
Որոշ չվերթներ փոխում են երթուղին և վայրէջք կատարում այլ օդանավակայաններում։ Հաճախ տեղական իշխանությունները կործանիչներ են օդ բարձրացնում՝ ուղևորատար ինքնաթիռներին ուղեկցելու համար (օրինակ՝ ուրբաթ Հունգարիայի ռազմաօդային ուժերի Gripen կործանիչը երկրի օդային տարածքում ուղեկցել է երեք ուղևորատար ինքնաթիռի)։
Տեղադրված ռումբերի մասին հաղորդումները վերաբերել են ոչ միայն ավիացիայի ոլորտին։ Դեռ երեքշաբթի Բուլղարիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ սպառնալիքներ են ստացել «տարբեր հաստատություններ», իսկ երկուշաբթի Իտալիայում ուսումնական հաստատություններում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների պատճառով տարհանել էին գրեթե երկու հազար մարդու։
Ուրբաթ նման հաղորդումներ են ստացել իռլանդական RTÉ հեռարձակող կորպորացիան, ինչպես նաև մի քանի այլ իռլանդական և բրիտանական լրատվամիջոցներ։ Աշխատակիցները տարհանվել են, լրատվամիջոցների գրասենյակներում կասկածելի առարկաներ չեն հայտնաբերվել։
«Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այդ սպառնալիքների հետևում․ արդյոք գործում են առանձին անձինք, թե դա կենտրոնացված կամ համակարգված հարձակում է։ Սակայն այդ սպառնալիքները ստացվել են ամբողջ Եվրոպայում նման հաղորդումների հետևանքով ավիացիայի աշխատանքում շարունակվող խափանումների ֆոնին, և խիստ հավանական է թվում, որ դա քաոս առաջացնելու նպատակով իրականացվող համակարգված արշավ է»,- հայտարարել են Իռլանդիայի կառավարությունում՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում ռումբերի տեղադրման մասին հաղորդումները։
Իռլանդական լրատվամիջոցները ռումբերի մասին հաղորդումները ստացել են էլեկտրոնային փոստով։ Ինչպես գրում է Reuters-ը, հաղորդման հեղինակն իրեն անվանում է «Միխայիլ Անդրոպով»։ Երկուշաբթի իտալական դպրոցներում ռումբերի մասին հաղորդումների ուղարկող էր նշված Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Ոստիկանությունը պարզում է, թե իրականում ով է կանգնած ռումբերի տեղադրման մասին կեղծ հաղորդումների հետևում։
Երեքշաբթի, ինչպես գրում է Il Fatto Quotidiano-ն, ռումբերի մասին էլեկտրոնային նամակ է ստացել Հռոմի օդանավակայանների օպերատոր Aeroporti di Roma-ն (ADR)։ Նամակը ստորագրված էր «Նևյանսկ նահանգի մարտիկներ» անունով։ Նևյանսկը Սվերդլովսկի մարզում քաղաք է՝ 20 հազարից փոքր-ինչ ավելի բնակչությամբ։ Իտալական մյուս լրատվամիջոցները սպառնալիքների առնչությամբ ռուսական քաղաքը չեն հիշատակում։
Հինգշաբթի ADR-ի ստացած նամակը գրված է ««Արական պետության» մարտիկների» անունից։
«Արական պետության» (2021 թվականին Ռուսաստանում ծայրահեղական ճանաչված և արգելված) հիմնադիր Վլադիսլավ Պոզդնյակովի «Պոզդնյակով 3.0» թելեգրամյան ալիքում նույն օրվա երեկոյան հրապարակվել է ռումբերի տեղադրման մասին հաղորդումներին առնչություն չունենալու մասին գրառում։
«Նա, ով այսօր Եվրամիության երկրների տարածքում այս «բրենդի» անունից սադրանքներ է կազմակերպում, գործում է սեփական շահերից ելնելով՝ պարզապես օգտագործելով ուրիշի դրոշը»,- ասվում է գրառման մեջ։ Ավելին՝ Պոզդնյակովը 2019 թվականից առնչություն չունի շարժման հետ, իսկ 2021 թվականից այն ընդհանրապես գոյություն չունի, նշվում է հայտարարության մեջ։




























