Յոթ երկար տարիների փորձարկումներից, անհաջողություններից ու վերափոխումներից հետո SuperfastMatt յութուբյան ալիքի հեղինակ Մեթ Բրաունը վերջապես լայն հանրությանն է ներկայացրել իր ստեղծագործությունը՝ աշխարհի ամենամեծ էլեկտրական ինքնագլորը։ Այն լիարժեք գործող փոխադրամիջոց է՝ պատճենված հանրահայտ Razor մոդելից, սակայն բազմապատիկ մեծացված։ Եվ այո՛, դրանով միանգամայն հնարավոր է երթևեկել, ինչն էլ ցուցադրվել է նախ անապատում անցկացված փառատոնի ժամանակ, ապա նաև քաղաքի փողոցներում։

Բրաունն արտասովոր տեխնիկայի սիրահար է, ինչը մասամբ բացատրում է գաղափարի իրականացման երկար ընթացքը. նա մշտապես շեղվում էր՝ զբաղվելով այլ նախագծերով։ Դրա հետևանքով պահեստում անգործության մատնված, արդեն գրեթե պատրաստ ինքնագլորի առանձին բաղադրիչներ սկսել էին շարքից դուրս գալ։ Ստիպված եղավ շատ բան զրոյից վերափոխել, միաժամանակ նաև զսպել հավակնությունները։ Սկզբում այն ավելի քան 6 մ երկարությամբ վիթխարի սարք էր, սակայն հետո պարզվեց, որ նման ինքնագլոր կառավարելը, առավել ևս շրջադարձեր կատարելը գործնականում անհնար է։

Իր ներկայիս տեսքով SuperfastMatt-ն ունի 2,4 մ երկարություն և կառավարվում է մեկ մարդու կողմից՝ սովորական էլեկտրական ինքնագլորի նման, հայտնում է «Техкульт»-ը։ Հիմնական կանգնակը դեկորատիվ է. դրա մեջ տեղադրված է սովորական էլեկտրական ինքնագլորից վերցված և վերափոխված ղեկը, որն ամրացված է դուրս քաշվող հեռադիտակային ձողի վրա։ Հիմնակմախքը փայտից է, սակայն ունի բազմաթիվ ամրացումներ՝ մետաղական անկյունակների և ալյումինե թիթեղների տեսքով։ Շատ դետալներ պատրաստվել են 3D տպագրության եղանակով, իսկ մարտկոցներն ու էլեկտրոնիկան վերցվել են սերիական արտադրության էլեկտրական ինքնագլորներից, սակայն մեծացվել են՝ այս հսկայի չափերին համապատասխանեցնելու համար։