Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են տապալել Ռուսաստանում ընտրությունների քվեարկությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ էր նման գործողությունների, և ռուս դիվանագետները կապահովեն, որպեսզի քաղաքացիները կարողանան քվեարկել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արևմտյան գործիչներն ու ՆԱՏՕ-ականները» ռուսական քվեարկությունը ներառել են այն արշավի մեջ, որը Զախարովան «հիբրիդային պատերազմի» մաս է անվանել։ Այս մասին նա ասել է «Վեստի»-ի եթերում։ ՌԴ ԱԳՆ խոսնակի պնդմամբ՝ խոսքը ռուսաստանցիների բնականոն կամարտահայտմանը խոչընդոտելու փորձերի մասին է։

Զախարովան նաև նշել է, որ Մոսկվան արևմտյան երկրներից չի ակնկալում ռուսաստանցիների ընտրական իրավունքների ապահովմանն ուղղված քայլեր, ուստի նախապատրաստվել է հնարավոր խոչընդոտներին։

Նա ՌԴ քաղաքացիներին կոչ է արել ներկայանալ ընտրական տեղամասեր և քվեարկել։ Զախարովայի խոսքով՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունները պատրաստ են աջակցել արտերկրում քվեարկության անցկացմանը։