Գերմանիայի բարձրագույն զինվորական, Բունդեսվերի գլխավոր տեսուչ, գեներալ Կարստեն Բրոյերն առաջադրվել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Կոմիտեի նոր ղեկավարի ընտրությունները կկայանան շաբաթ օրը՝ Կոպենհագենում, փոխանցում է DW-ն։
61-ամյա Բրոյերը պաշտոնի համար կմրցի Կանադայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Մարի-Աննաբել Ջենի Կարինյանի հետ։
Ներկայումս ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեն ղեկավարում է իտալացի ծովակալ Ջուզեպե Կավո Դրագոնեն։ Առաջիկա քվեարկության արդյունքում ընտրված ղեկավարը նրան կփոխարինի 2027 թվականի հուլիսին։
Ռազմական կոմիտեն Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմինն է, որը կապ է ապահովում ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարության և կազմակերպության ռազմական կառույցների միջև, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրում ռազմական հարցերով։
Կոմիտեի նախագահը ՆԱՏՕ-ում ամենաազդեցիկ ռազմական դեմքերից մեկն է՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարի (SACEUR) հետ մեկտեղ։ Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
Բրոյերը որպես գլխավոր տեսուչ Բունդեսվերը ղեկավարում է 2024 թվականից։ Մինչ այդ նա տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի զինված ուժերում և մասնակցել միջազգային առաքելությունների։





























