Ֆրանսիայում հակաահաբեկչական ծառայությունները Փարիզի արվարձաններից մեկում 35-ամյա ոստիկանի են ձերբակալել՝ ահաբեկչություն նախապատրաստելու և ապօրինի զենք պատրաստելու կասկածանքով։ Այս մասին հայտնել է դատախազությունը։

Իրավապահին կալանավորել են․ նրան մեղադրում են ահաբեկչական մտադրությունների և ապօրինի զենք պահելու մեջ։ Քննության տվյալներով՝ ոստիկանին փողոցում ձերբակալել էին դեռ օգոստոսի վերջին, սակայն դեպքի մասին հայտնի է դարձել միայն այժմ։

TF1 հեռուստաալիքն ու ֆրանսիական այլ ԶԼՄ-ներ հայտնում են, որ իրավապահները կասկածում են իրենց գործընկերոջը ծայրահեղ աջ շրջանակների հետ կապերի, ինչպես նաև պետական հիմնարկների ու, հնարավոր է, ոստիկանների դեմ բռնի հարձակումներ ծրագրելու մեջ։

Քննության վարկածով՝ նա կարող էր 3D տպիչ օգտագործել զենք պատրաստելու համար։ Դատախազության փոխանցմամբ՝ նրա ավտոմեքենայի և բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքի դետալներ։

Ձերբակալությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հարավում գտնվող Կարկասոն քաղաքի համայնքային ոստիկանների շուրջ բռնկված աղմկահարույց սկանդալի ֆոնին։ Անցյալ շաբաթ ոստիկաններից մեկի պատահաբար միացած տեսախցիկն արձանագրել էր աշխատակիցների զրույցը, որտեղ հնչում էին ռասիստական, սեքսիստական ու հոմոֆոբ արտահայտություններ, ինչպես նաև դավադրապաշտական թեզեր։ Տեսագրության հրապարակումից հետո դատախազությունը հետաքննություն է սկսել։

Այս միջադեպի շուրջ ուշադրությունն ավելի մեծացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ աշխատակիցներից մեկը ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության անդամ էր և աշխատում էր դրա անվտանգության ծառայությունում։ Ավելի ուշ նրան հեռացրել են կուսակցությունից։

Ֆրանսիայի իրավապահ մարմինները շարունակում են ձերբակալված ոստիկանի գործի քննությունը․ նրա հնարավոր կապերը ծայրահեղ աջերի հետ և բռնի գործողությունների ծրագրերը պարզվում են։