Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե տեղեկացված չէ մինչև ուկրաինական հակամարտության ավարտը Մոսկվայի հետ գործարար համաձայնագրեր կնքելու Վաշինգտոնի առաջարկների մասին։ Այսպես է նա մեկնաբանել Կրեմլի նկատմամբ ԱՄՆ մոտեցումների հնարավոր փոփոխության վերաբերյալ The New York Times-ի հրապարակումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նման ազդանշանների մասին ինձ ոչինչ հայտնի չէ, և տարօրինակ կլիներ դրանք ստանալ, քանի որ մինչ օրս լսում ենք ճիշտ հակառակ դիրքորոշումը, այն է՝ «եկեք նախ համաձայնության գանք ու առաջընթաց գրանցենք Ուկրաինայի հարցում, իսկ մնացած ամեն ինչ՝ հետո»», — նշել է Ռյաբկովը։

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ խոսքը, այդ թվում, տնտեսական ծրագրերի մասին է։

Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները պնդում էին, որ մտադիր չեն Ռուսաստանի հետ գործարքներ կնքել մինչև ուկրաինական ճգնաժամի ավարտը։ Այդուհանդերձ, ինչպես հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, Վաշինգտոնն սկսել է Մոսկվային մարտական գործողությունները դադարեցնելուն մղելու նոր ուղիներ դիտարկել։

Պարբերականի տվյալներով՝ որպես հնարավոր խթան կարող են ծառայել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բիզնես-գործարքները։ Միևնույն ժամանակ, NYT-ի աղբյուրները չեն հստակեցրել, թե կոնկրետ որ համաձայնագրերի մասին է խոսքը։

NYT-ը գրում է, որ ԱՄՆ-ն դիտարկում է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներ կնքելու հնարավորությունը