Օգոստոսի 12-ից 19-ը Մոսկվայի և Մոսկվայի մարզ ուղղությամբ 2022 ուկրաինական անօդաչու թռչող սարք է արձակվել։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների մեծ մասը ռուսական ՀՕՊ ուժերը խոցել են մայրաքաղաքային շրջանի հեռակա մատույցներում։ Եվս 186 անօդաչու էլ ոչնչացվել է անմիջապես Մոսկվային մոտենալիս։
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ անցած գիշեր ՀՕՊ միջոցները խոցել և ոչնչացրել են 344 ինքնաթիռատիպ ԱԹՍ, փոխանցում է «Կոմերսանտը»։
Գերատեսչության տվյալներով՝ անօդաչուները խոցվել են Լենինգրադի, Նովգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Լիպեցկի, Վլադիմիրի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Մոսկվայի շրջանի, Յամալ-Նենեցյան ինքնավար շրջանի, Դաղստանի, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։
Անօդաչուների ոչնչացման և ներկայացված թվերի վերաբերյալ ռուսական իշխանությունների հայտարարություններն անկախ հաստատում չունեն։





























