Չինաստանը դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չեն հաստատվել ՄԱԿ-ի կողմից և հիմնավորված չեն միջազգային իրավունքով, ինչպես նաև այսպես կոչված երկրորդային պատժամիջոցներին, որոնք ուղղված են երրորդ երկրների դեմ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարության ներկայացուցիչը, փոխանցել է Սինհուան։
Հայտարարությունը հնչել է ԱՄՆ արևելյան ժամանակով սեպտեմբերի 18-ին ստորագրված Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Լինդսի Օ. Գրեհեմի 2026 թվականի օրենքի վերաբերյալ հարցին ի պատասխան։
Փաստաթուղթը խստացնում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, երկարաձգում է Իրանի հետ կապված սահմանափակումները և նախատեսում է մինչև 100 տոկոս մաքսատուրքերի սահմանման հնարավորություն որոշ երրորդ երկրների նկատմամբ, որոնք ներմուծում են ռուսական նավթ կամ բնական գազ։
Չինական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ Չինաստանը ավանդաբար վարում է նորմալ տնտեսական և առևտրային համագործակցություն աշխարհի երկրների հետ՝ հավասարության և փոխադարձ շահի հիման վրա։ Նրա խոսքով՝ նման համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և չպետք է ենթարկվի այլ պետությունների միջամտությանը կամ ճնշմանը։
Պեկինն ուշադիր կհետևի ԱՄՆ հետագա գործողություններին և իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Չինաստանի պետական ինքնիշխանությունը և զարգացման շահերը, ինչպես նաև չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, հայտարարել է առևտրի նախարարության ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, չինական կողմը կոչ է արել ԱՄՆ-ին Չինաստանի հետ շարժվել նույն ուղղությամբ և երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով պահպանել կայուն առևտրատնտեսական հարաբերություններ։
Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ դա անհրաժեշտ է նաև համաշխարհային առևտրային համակարգի կայունությունը, ինչպես նաև արտադրական և մատակարարման գլոբալ շղթաների անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար։





























