Ազգային էներգահամակարգի ամբողջական անջատումից հետո Կուբայի միլիոնավոր բնակիչներ ուրբաթ օրը կրկին մնացել են առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Տարեսկզբից ի վեր սա կղզում գրանցված առնվազն վեցերորդ մասնակի կամ համապետական խոշորամասշտաբ հոսանքազրկումն է։

Կուբայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ տեղի է ունեցել երկրի էներգահամակարգի «ամբողջական անջատում»։ UNE օպերատորը հայտնել է, որ վթարն սկսվել է տեղական ժամանակով մոտ 14:00-ին՝ Կուբայի կենտրոնական հատվածում բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի անսարքության պատճառով։ Այդ ժամանակ տարածաշրջանում եղանակային վատ պայմաններ էին։

Երեկոյան էլեկտրամատակարարումն սկսել են աստիճանաբար վերականգնել Հավանայի առանձին շրջաններում, առաջին հերթին՝ հիվանդանոցների և կրիտիկական ենթակառուցվածքների այլ օբյեկտների հարևանությամբ գտնվող թաղամասերում։ UNE-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆելիքս Էստրադան հայտարարել է, որ գործարկվել են էներգամատակարարման «աստիճանական վերականգնման» արձանագրությունները։ Աշխատանքները շարունակվել են նաև շաբաթ օրը։

Նոր վթարը տեղի է ունեցել ձգձգվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին։ Կուբայի էներգահամակարգի հնացած ենթակառուցվածքն էլեկտրակայանների աշխատանքի համար անհրաժեշտ վառելիքի խիստ պակաս է զգում։ Reuters-ի տվյալներով՝ որոշ շրջաններում հոսանքի խափանումներն արդեն ավելի քան 30 ժամ են տևում։ Հուլիսին Կուբայի ազգային էներգահամակարգը նույնպես մի քանի անգամ ամբողջությամբ շարքից դուրս էր եկել։

Հավանայի բնակիչները լրագրողներին պատմել են, որ տևական անջատումներն իրենց առօրյայի սովորական մասն են դարձել։ «Սա արդեն սովորություն է դառնում», — Reuters-ին ասել է մայրաքաղաքի բնակիչ Ֆրենկ Լորենսոն։ Նրա խոսքով՝ նախորդ օրն իրենց թաղամասը շուրջ մեկ օր մնացել է առանց հոսանքի, ինչից հետո լույսը միացել է ընդամենը մեկ ժամով ու կրկին անջատվել։

Ուսուցչուհի Լիդիա Ֆերնանդեսը AFP-ին պատմել է, որ էլեկտրականության խափանումներն ուղեկցվում են ջրի և սննդի պատրաստման համար անհրաժեշտ գազի պակասով։ Մայրաքաղաքի մեկ այլ բնակիչ՝ 78-ամյա Ֆրանսիսկո Ռոդրիգեսը, նշել է, որ ուրբաթ օրվա դրությամբ իր տունն արդեն 28 ժամ հոսանքազրկված էր։

Կուբան զգալիորեն կախված է ներկրվող վառելիքից։ Հավանան իրավիճակի ներկայիս վատթարացումը կապում է ամերիկյան պատժամիջոցների և Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից նավթի մատակարարման նկատմամբ սահմանված սահմանափակումների հետ։ Հինգշաբթի ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է հայտարարել կուբայական 11 կառույցի և երեք ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Վաշինգտոնն իր հերթին էներգետիկ ճգնաժամը բացատրում է կառավարման խնդիրներով և հենց կուբայական տնտեսության վիճակով։

Վառելիքի դեֆիցիտն արդեն հարվածել է երկրի կենսագործունեության այլ ոլորտներին․ առաջանում են սննդամթերքի և դեղորայքի մատակարարման խափանումներ, հիվանդանոցներն աշխատում են սահմանափակումներով, իսկ դպրոցներն ու պետական հաստատությունները ստիպված փակվում են։ Տևական հոսանքազրկումները նաև հազվադեպ հանդիպող բողոքի ակցիաների պատճառ են դարձել, այդ թվում՝ Հավանայում։